Ո՞վ է ստում Լոնդոնից
PoliticsԲաքուն Երևանին է մեղադրում, Երևանը՝ Բաքվին Մեծ Բրիտանիայում Ալիև-Փաշինյան հանդիպման ձախողման համար, և տարօրինակ կերպով երկու կողմն էլ թե՛ ստում է, թե՛ ճիշտն է ասում։
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մեծ Բրիտանիայում։
«Հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը, և «Հայաստանի վարչապետի հրաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից»,-ընդգծել էր Հաջիևը։ Ըստ ադրբեջանական կողմի, հանդիպմանը պետք է մասնակցեր բրիտանական վարչապետը, ապա կողմերը շարունակեին երկկողմ ֆորմատով։ Բավական ուշ պաշտոնական Երևանը բարեհաճել էր արձագանքել։
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել էր խոսնակը։
Ուշադրություն դարձրեք, որ Բաքվի ներկայացուցչի ասած եռակողմի դիմաց ՀՀ ԱԳՆ-ից խոսում են միայն երկկողմ հանդիպման պատրաստակամության մասին: Ըստ էության, Հայաստանը մերժել է եռակողմ, Ադրբեջանն էլ երկկողմ հանդիպման առաջարկները, և այժմ էլ փորձում են մեղքը բարդել հակառակորդի վրա։ Թե ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվել Քիր Սթարմերի և Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպումից, հայկական կողմից չեն պարզաբանում։
Թերևս, հաշվի են առել ադրբեջանա-բրիտանական չափազանց սերտ հարաբերությունները, նաև Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի ահռելի ներգրավվածությունը հօգուտ Ադրբեջանի։ Երեկ Լոնդոնում է եղել նաև Ֆրանսիայի նախագահը։ Չի բացառվում, որ Մակրոնի հորդորով է Փաշինյանը հրաժարվել հանդիպումից։
Սոնա Ադամյան