Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից
PoliticsՀայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք կայանալու են այս ամիս, արդեն հասցրել են արժանանալ Ռուսաստանի քննադատությանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքը Հարավային Կովկասում Հայաստանին ներգրավում է Ռուսաստանի դեմ ուղղված համագործակցության տարբեր ձևաչափերի մեջ:
«Այդ զորավարժություններն ափսոսանքից զատ ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և հասարակական հարձակումներ է կատարում այդ կազմակերպության դեմ»,-ասել է Զախարովան։ Նրա պնդմամբ, Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կուժեղացնի տարածաշրջանում հակամարտությունների մնացորդային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։
Զախարովայի խոսքով, այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները և արտաքին քաղաքականությունը։
«Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները պետք է տեղի ունենան հուլիսի 15-ից 24-ը։ Նախորդը տեղի էր ունեցել 2023 թ. սեպտեմբերին։ Մոսկվան այն ժամանակ էլ խստորեն քննադատել էր այդ զորավարժությունները։
Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ մերժել էր ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցելու առաջարկները, բայց այժմ ոչ միայն ընդունում է, այլև ինքն էլ առաջարկում է։ Փոխարենը, համառորեն հրաժարվում է ՀԱՊԿ-ի գծով բոլոր վարժանքներից։ Ի վերջո, ՀՀ այս քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունենալու։
Գոհար Թովմասյան