Լիզայի հուղարկավորությանը ծնողներից մեկն է ներկա եղել․ Շինուհայրում մեծից փոքր ցնցված են
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների, այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։
Նշենք, որ 34 և 31-ամյա ամուսինների 4 տարեկան դուստրը՝ Լիզան, «սուր էգզոգեն թունավորում»-ից հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներից մեկը տեղափոխվել էր Երևան, մյուսների առողջական վիճակը, որոնք բուժում էին ստանում Գորիսի բժշկական կենտրոնում, բավարար է։
«Հուլիսի 8-ին Շինուհայրում տեղի ունեցավ Գրիգորի և Անիի ընտանիքի 4-ամյա Լիզայի հուղարկավորությունը: Այդ օրը ծնողներից մեկն էր ներկա, քանի որ ամբողջ ընտանիքով էին թունավորվել և գտնվում էին հիվանդանոցում։ Ընտանիքի անդամների ինքնազգացողությունը սկսել է վատանալ հուլիսի 5-ի երեկոյան՝ բոլորով ընթրելուց հետո»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց շինուհայրցի Համլետ Ստեփանյանը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սովորական գյուղական կենցաղով ապրող, համեստ և օրինակելի ընտանիք են։ Շինուհայրում մեծից փոքր սգում են փոքրիկի մահը։
«Գրիգորը զինվորական է, Անին՝ տնային տնտեսուհի, հիմնականում զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ։ Շատ խելացի, իդեալական ընտանիք են, ափսոս էր երեխան։ Քանի օր է՝ տրամադրություն չունենք»,- նշեց Համլետը։
Շինուհայրում կատարվածի վերաբերյալ վարկածներ չեն քննարկվում։ Թե ինչից են թունավորում ստացել ընտանիքի 7 անդամները, քննությամբ կպարզվի Քննչական կոմիտեի կողմից։
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:
Կատարվել են դեպքի վայրի և համապատասխան խանութ սրահների զննություններ, փորձաքննության համար ստացվել են սննդի, ջրի և այլ անհրաժեշտ նմուշներ:
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live