Մեծ Բրիտանիայում ընտրություններում հաղթել են լեյբորիստները. երկիրը նոր վարչապետ կունենա
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայում Սըր Քիր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է երկրում պահպանողականների կառավարման 14-ամյա ավարտը: Այս մասին գրում է bbc.com-ը:
Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ մեծամասնություն ապահովելով 650 տեղանոց պալատում:
Հինգշաբթի երեկոյան քվեարկության ավարտից անմիջապես հետո հրապարակված էքզիթ-փոլի կանխատեսման համաձայն՝ լեյբորիստները կունենան 410 տեղ:
Արդյունքների հրապարակումից հետո կարճ ելույթում Սթարմերը, մասնավորապես, ասել է. «Փոփոխությունները սկսվում են հենց այստեղից, քանի որ սա ձեր ժողովրդավարությունն է, ձեր համայնքը, ձեր ապագան: Դուք քվեարկել եք։ Հիմա ժամանակն է, որ մենք կատարենք մեր խոստումները»։
Գործող վարչապետ Ռիշի Սունակը նույնպես կարողացել է վերընտրվել իր ընտրատարածքում՝ Ռիչմոնդ և Նորթալերտոնում: Միաժամանակ նա խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և ասել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։
«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա... և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- ասել է Սունակը:
Ուրբաթ օրը Սունակը և Սթարմերը ԿԳՆԱՆ Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ Երրորդ թագավորի հետ հանդիպման համար: