Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Պեզեշկիանը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահական ընտրություններում, նախնական արդյունքներով, առաջատար է առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին։ Ավելի քան 12 մլն ձայնի հաշվարկից հետո նա առաջ է անցել պահպանողական Սաիդ Ջալիլիից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԿԸՀ-ին։
«Ընդհանուր առմամբ հաշվվել է 12,058,843 ձայն: Մասուդ Պեզեշկիանը ստացել է 5,000,354 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 4,875,269 ձայն, Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը՝ 1,620,628 ձայն, Մուստաֆա Փուրմոհամմադին՝ 95,172 ձայն»,- հայտնել են ԿԸՀ-ից։
Նշենք, որ հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցի առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուն։
Հավելենք, որ Պեզեշկիանն ավելի մեղմ մոտեցում ունի Արևմուտք-Իրան հարաբերությունների հարցում և ընտրվելու դեպքում խոսք է տվել նորից կյանքի կոչել Արևմուտքի հետ Իրանի միջուկային գործարքը և «բացել» Իրանն աշխարհի առաջ։
Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են երեկ՝ հունիսի 28-ին։ Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին, իսկ քվեարկությունը շարունակվել է մինչև 00։00-ն։
Արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար: