Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 28-ին Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնը երկրորդ ամենաբարձր պաշտոնն է իսլամական երկրում, որի գերագույն առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին է 1989 թվականից։
Ինչպես նշում է dw.com-ը, արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար:
83,5 միլիոն իրանցուց ընտրելու իրավունք ունի 61 միլիոնը։ Սակայն վերջին հարցումների համաձայն՝ նրանցից ավելի քան 30 միլիոնը չի ցանկանում գնալ ընտրություններին։ Դիտորդները դա կապում են հակառակորդների նկատմամբ իշխանությունների քաղաքական ճնշումների, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի և վերջին տասնամյակների ընթացքում բարեփոխումների անհաջող փորձերի հետևանքով առաջացած հիասթափության հետ: