Մասնագետները լուրջ ռիսկեր են տեսնում առաջին հայտի համընդհանուր գերակայության առումով
SocityԲուհերի ընդունելության քննությունների թեման շարունակում է թեժ մնալ: Մասնավորաբար. բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն իրենց իրավունքներն ու պատկան մարմինների համապատասխան որոշումները վիճարկելու են դատական կարգով:
Առաջին հայտի գերակայության սկզբունքի հետ կապված կարծիքները տարբեր են, հիմնականում մասնագետները գտնում են, որ դա սկզբունքորեն վատ գաղափար չէ, սակայն առկա են խնդիրներ որոշման ընդունման ժամկետների և իրազեկման հետ:
Մյուս կողմից՝ «Փաստի» հետ զրույցում կրթության մի շարք փորձագետներ նշել են, որ պետպատվերի պարագայում առաջին հայտի գերակայությունը շատ նորմալ է, պետությունը լիարժեք իրավունք ունի որոշել, թե պետական բյուջեից ինչպես է իրականացնում ֆինանսավորումը: Սակայն համընդհանուր, նաև վճարովի համակարգի համար առաջին հայտի գերակայությունը մտահոգություններ ու ռիսկեր է առաջ բերում:
«Այս դեպքում, երբ, ինչպես փորձը ցույց տվեց, ուսանողը կարող է դիմել ու ոչ մի տեղ չընդունվել, դիմորդը պետք է ամեն ինչ անի՝ երաշխավորված շատ բարձր միավոր ստանալու համար:
Այստեղ առկա է երկու հիմնական խնդիր՝ կրկնուսույցների «ինստիտուտի» նոր զարթոնքի հավանականություն և ընդունելության քննությունների կոռուպցիոն ռիսկ: Այնինչ, այս ռիսկերը նախկինում տեսանելիորեն նվազել էին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասաց կրթության փորձագետներից մեկը: