Հատուկ ծրագիր Վայոց ձորում. 2 դպրոց կդառնա էներգաանկախ
SocityԱկբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությամբ Վայոց ձորի Շատին և Աղավնաձոր համայնքների երկու դպրոցների տանիքներին արևային կայաններ կտեղադրվեն, որի արդյունքում դպրոցները տարեկան 5 միլիոն դրամ կխնայեն։ Խնայված միջոցներով նշված դպրոցների առաջինից չորրորդ դասարանի երեխաները կստանան անվճար սնունդ։
Ծրագիրն իրականացվում է Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։
«Շատ կարևոր է, որ դպրոցական հասակից երեխաները տեսնեն, թե նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ձևավորված խնայողություններն ինչ արդյունք կարող են գրանցել։ Այս նախագծով դպրոցներում լուծելու ենք երկու խնդիր. դպրոցները դառնալու են էներգախնայող և կրթական բարձր համակարգ է ձևավորվելու այնտեղ։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան որակյալ է երեխաների սնունդը, այնքան բարձր է նրանց կրթության որակը»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը։
«Սա հետաքրքիր նախաձեռնություն է, որի շրջանակում տեղադրվող արևային կայանները օգնելու են դպրոցներին խնայողություններ անել և գումարը ծախսել դպրոցականների սննդի համար: Հայաստանում շատ արև կա և արևային էներգիան կարող է օգնել. այս ամենը հիանալի է»,- նշել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն։
«Սա շատ լավ ծրագիր է, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։ Հիմնադրամը, լինելով այլընտրանքային էներգիայի ջատագով և կարևորելով համայնքների զարգացումը, մեծ ուրախությամբ ներառվել է այս համագործակցության մեջ։ Ծրագիրն իրականցվում է Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած Visa Բարերար քարտապանների կատարած գործարքներից ձևավորված միջոցներով»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։