ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս կուրսը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի համար: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել Վրաստանի կառավարության գործողությունների համար:
Բորելի խոսքով՝ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին ԵՄ հնարավոր գործողությունները:
«Քննարկման արդյունքների մասին կտեղեկացնեմ հանդիպումից հետո»,- հավելել է նա։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն:Հասարակական կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ օրենքի ընդունման դեպքում չեն գրանցվի ռեգիստրում, քանի որ արդար չեն համարում օտար ուժի շահերը պաշտպանող կազմակերպություններ կոչվելը։
Իշխող կուսակցությունն ասել է, որ այս սահմանումը ճիշտ է, եթե ՀԿ-ները ֆինանսավորում են ստանում դրսից և պահանջվում է միայն ֆինանսապես թափանցիկ լինել:Օրենքը վերաբերում է հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Դրանցից յուրաքանչյուր տարվա հունվարին պահանջվելու է Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում դրանք կտուգանվեն 25 հազար լարիով (ավելի քան 8,7 հազար դոլար)։ Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7 հազար դոլար):