Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է «հայերին հաճոյանալու փորձի» համար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ԵՄ-ին զերծ մնալ «կանխակալ» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններից, որոնք «խաթարում են» (չակերտները՝ Tert.am) տարածաշրջանում խաղաղության ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը։
«Ցավոք, սա ԵՄ բարձր ներկայացուցչի ևս մեկ փորձ է՝ «հաճոյանալու հայերին» (չակերտները՝ Tert.am) և առաջ մղելու «բարոյական կամ փաստական հիմք չունեցող» (չակերտները՝ Tert.am) նարատիվը: Մենք մերժում ենք այս «կեղծ և սադրիչ» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքները։ Ադրբեջանը, որպես մարդասիրական ժեստ և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ազատ է արձակել և հայրենիք է վերադարձրել ավելի քան 200 հայի, որոնք 2020 թվականից ի վեր իրավասու էին ռազմագերիի կարգավիճակ ստանալ կամ կալանավորված էին համարվում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հետ վարվել են 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների պահանջներին համապատասխան։
Նախօրեին Բորելն ասել էր, որ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանել էր գրավոր:
«ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն: ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- գրել էր Բորելը և հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների շրջանակներում: Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ բանտարկյալներին: Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը: ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին, որոնք տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ, և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ նրանց կարիքները բավարարելու համար՝ ուղղակի մարդասիրական օգնության և Հայաստանի կառավարության բյուջեին աջակցելու միջոցով»,- ասված էր պատասխանում: