Ելիսեյան պալատը հերքել է Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտածում է հրաժարական տալու մասին, հայտնում է Europe 1 ռադիոն։
«Երեքշաբթի առավոտյան Ելիսեյան պալատը կտրականապես մերժել է պետության ղեկավարին հրաժարական տալու ցանկացած մտադրություն»,- հայտնել է ռադիոկայանը։
Ավելի վաղ Europe 1-ը, վկայակոչելով Մակրոնի շրջապատին, հայտնել էր, Ֆրանսիայի նախագահն իր մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջերի հնարավոր հաղթանակը։ Աջերի հաջողության դեպքում, նա կարող է հրաժարական տալ։
«Նախագահի հրաժարականը տաբու չէ. այո, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները»,- մեջբերում է ռադիոկայանը աղբյուրներից մեկի խոսքը։
Չնայած ընդգծվում է, որ սա ծայրահեղ քայլ է, սակայն Մակրոնը պատրաստ է «զոհաբերել իր հնգամյա ժամկետի ավարտը»։ Նշվում է, որ այս տարբերակն ակնհայտորեն նախընտրելի չէ, սակայն նախագահի հրաժարականի հեռանկարը կարող է ծառայել «գալիք ընտրությունների դրամատիզացմանը»։
Ֆրանսիայի նախագահը հունիսի 9-ին ցրել է Ազգային ժողովն այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները պարտվել են Եվրախորհրդարանի ընտրություններում։ Նրա «Վերածնունդ» կուսակցությունը ստացել է ձայների 14,6 տոկոսը։ Սա կեսն է, քան աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության ցուցանիշը (31,4%): BFM հեռուստաալիքը հայտնել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը փորձել է հետ պահել նախագահին խորհրդարանը ցրելու մտադրությունից։ Այնուամենայնիվ, Էմանուել Մակրոնը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։