Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի հետ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը 10 տարով անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագիր են ստորագրել։
Փաստաթղթի համաձայն՝ առաջիկա 2 տարվա ընթացքում Ստոկհոլմը Կիևին շուրջ 6,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի: Տարեցտարի աջակցության ծավալը կմեծանա:
Շվեդիայի փաթեթը ներառում է ավիացիա և հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկա, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: Նախատեսվում է, որ Ստոկհոլմը կօգնի Կիևին երկրի վերականգնման, հակառուսական պատժամիջոցների ուժեղացման, տնտեսության զարգացման, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցերում:
Անվտանգության մասին փաստաթուղթ է ստորագրվել նաև Ուկրաինայի և Իսլանդիայի միջև: Փաստաթղթի համաձայն՝ 2024-2028 թվականներին Իսլանդիան Ուկրաինայի անվտանգության ապահովման համար ամեն տարի կհատկացնի 4 մլրդ իսլանդական կրոն (գրեթե 30 մլն դոլար)։ Բացի այդ, Ռեյկյավիկը կգնի և կմատակարարի պաշտպանական սարքավորումներ և կհամագործակցի Ուկրաինայի հետ պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում:
Անվտանգության երաշխիքների մասին երրորդ համաձայնագիրը Զելենսկին ստորագրել է Նորվեգիայի հետ: Նշվում է, որ այս տարի Նորվեգիան Ուկրաինային կփոխանցի մոտ 1,2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնություն, իսկ, ընդհանուր առմամբ, Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի 6,4 միլիարդ եվրոյի աջակցություն:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Լատվիայի, Իսպանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի հետ: