Սի Ծինփինը պատրաստ էր զենք մատակարարել ՌԴ-ին, սակայն Բայդենի մի զանգն ամեն ինչ փոխել է. The Washington Post
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը պատրաստ է եղել զենք մատակարարել Ռուսաստանին երկու տարի առաջ, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգից հետո նա հրաժարվել է այդ գաղափարից։ Այս հայտարարությունն արել է The Washington Post պարբերականի արտաքին քաղաքականության հարցերով սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, որը վկայակոչում է Վաշինգտոնի վարչակազմի իր աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Պեկինը, իբր, պատրաստ էր զենք մատակարարել Մոսկվային Ուկրաինա ներխուժումից հետո, երբ 2022 թվականի մարտին Բայդենը զանգահարել է Սի Ծինփինին և զգուշացրել, որ ԱՄՆ-ն պատասխան քայլերի կդիմի։
Բայդենի այս խոսքերը, ըստ Իգնատիուսի, առաջացրել են ՉԺՀ-ի ղեկավարի «զայրացած արձագանքը», որը հարցրել է, թե արդյոք Բայդենը սպառնում է իրեն։ Այս զանգից հետո, ինչպես պնդում են սյունակագրի աղբյուրները, Սի Ծինփինը հրաժարվել է Ռուսաստանին զենքի ուղղակի մատակարարումներից։
Ըստ Իգնատիուսի՝ Չինաստանի առաջնորդը հանձնարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի նախկին փոխվարչապետ Լյու Հեին (2018-2023) վերահսկել ռազմական գործողություններում Ռուսաստանին օգնության գաղտնի տրամադրումը։
Միաժամանակ Չինաստանը խաղաղ կարգավորման առաջարկներ է ուղարկել Ուկրաինային և նրա եվրոպացի աջակիցներին, ասվում է հոդվածում։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենգյուն ավելի վաղ ՏԱՍՍ-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները «ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Չինաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին»։
Նրա խոսքով՝ Պեկինը «երբեք զենք չի մատակարարել հակամարտող կողմերից որևէ մեկին» Ուկրաինայում, և որ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը «ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ»: