Մակրոնը կողմ է, որ Ուկրաինային թույլ տրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է նրան, որ Կիևին թույլ տրվի արևմտյան զենքով հարվածել ՌԴ տարածքում գտվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 28-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի` X սոցիալական ցանցի էջում:
«Մենք կարծում ենք, որ պետք է թույլ տանք նրանց չեզոքացնել այն ռազմական օբյեկտները, որտեղից հրթիռներ են արձակվում, և հիմնականում այն ռազմական օբյեկտները, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի վրա։ Բայց նրանք չպետք է իրավունք ունենան խոցելու Ռուսաստանում այլ թիրախներ՝ ակնհայտորեն քաղաքացիական կամ այլ ռազմական թիրախներ»,- ընդգծել է նա։
Մակրոնի խոսքով՝ Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելը, որն ունակ է երկրի ներսում խոցել ռուսական ռազմական թիրախները, չի սրի հակամարտությունը։
«Բայց ինչպե՞ս կարող ենք Ուկրաինային զենք մատակարարել և ասել, որ չես կարող այն օգտագործել պաշտպանության համար: Ուկրաինային թույլ տալ ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ռազմական օբյեկտները, որտեղից իրականացվում է գնդակոծություն, սրացում չէ»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում ֆրանսիացի զինվորական հրահանգիչների մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ այս հարցը Կիևում կքննարկվի հաջորդ շաբաթ։
«Մեր կարծիքով իրական խաղաղության կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի հիման վրա։ Չեմ կարծում, որ որևէ մեկը լրջորեն հավատում է, որ զենքով կարելի է խաղաղություն հաստատել։ Ուստի մենք հանդես ենք գալիս բանակցությունների օգտին այն օրվանից, երբ երկու կողմերը պատրաստ կլինեն այդ բանակցությունները վարել հարմար պայմաններում»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ պարզաբանելով, որ հարմար պահը դեռ չի եկել։