Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
SocityԱմերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի վերջին մրցանակաբաշխության ժամանակ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում
տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Մրցանակաբաշխության թիմը կարևորել է «կանաչ տեխնոլոգիաների ոլորտում առևտուրը խթանելու և դեպի կանաչ տնտեսություն անցմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու գործում Ամերիաբանկի ակնառու ներդրումը»:
Ավելի վաղ Ամերիաբանկն արժանացել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Առևտր ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում Կովկասյան տարածաշրջանում ակնառու թողարկող բանկ» մրցանակին Բարսելոնայում կայացած Համաշխարհային առևտրային գործընկերների ժողովում, որը միավորել էր միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտի ավելի քան 300 ներկայացուցչի։
«Այս մրցանակները վկայում են միջազգային առևտրի ֆինանսավորման մեջ մեր ներգրավվածության աճի մասին, ընդգծում միջազգային ֆինանսական հաստատությունների և գործընկեր բանկերի աջակցությամբ կանաչ ֆինանսավորման նախաձեռնություններ իրականացնելու գործում մեր գործընկերային կապերի ընդլայնումը: Մենք կշարունակենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի ռեսուրսաարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագայի կառուցման գործում և երախտապարտ ենք մեր գործընկերներին այս ճանապարհին մեզ աջակցելու համար»,- նշել է Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Հավելենք, որ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ծառայություններն ավանդաբար ուղղված են եղել արագ աճող տնտեսական ոլորտներին, այդ թվում ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը: 2023թ.-ի վերջի դրությամբ Ամերիաբանկի ակրեդիտիվների և երաշխիքների պորտֆելը կազմել է 73.1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով, գործարքների թիվն աճել է ավելի քան 60%-ով, իսկ առևտրի ֆինանսավորման նպատակով ներգրավված միջոցների պորտֆելը գերազանցել է 26 մլրդ ՀՀ դրամը։
Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013թ.-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում: Ավելին, 2022թ ից Ամերիաբանկն առաջին և միակ հայկական բանկն է, որն ունի հաստատող բանկի կարգավիճակ նաև ՄՖԿ-ի Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: