ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լույս մայիսի 8-ը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 55 հրթիռ և 21 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ռուսական բանակը հարձակվել է 45 X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից։
Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները տուժել են Ուկրաինայի վեց մարզում՝ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքները ճշտվում են, էներգետիկներն արդեն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ։ «Ուկրէներգո»-ն հաստատել է արտադրական օբյեկտներից մեկի վնասվելը:
Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերությունը հայտնել է երեք ջերմաէլեկտրակայանների լուրջ վնասների մասին։
«Ներկայում էներգետիկայի աշխատողներն աշխատում են հարձակման հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- նշել են ընկերությունում։ Դոնբասի վառելիքաէներգետիկ ընկերությունը չի հստակեցրել, թե որ ջերմաէլեկտրակայանների մասին է խոսքը։ Դրանցից մեկը կարող է լինել «Դոբրոտվորսկայա» ՋԷԿ-ը, որը Լվովի մարզի ամենամեծ էլեկտրակայանն է։
Հրթիռային հարձակումն ուղղված է եղել նաև Կիևին։ Սակայն Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ մայրաքաղաքի տարածքում գտնվող բոլոր օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի միջոցով։
Ռուսաստանի կանոնավոր հարձակումների հետևանքով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսն արդեն վնասվել է, մայիսի սկզբին հայտարարել էր երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։