«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը
Socity«ՀայաՔվե» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Տավուշի մարզի սահմանագոտում ընթացող հայրենավաճառության գործընթացի դեմ անզիջում պայքարի առաջնագծում։
Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով` ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։
Մեր պայքարի վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, որ հայ ժողովուրդը վճռական է իր հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում։
Պայքարը մտնում է վճռական փուլ, և մենք լիակատար աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը և Շարժման առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին, հասարակական-քաղաքական միավորներին՝ միանալու Շարժմանը, ցուցաբերելու նախաձեռնող մասնակցություն, անելու հնարավոր ամեն ինչ՝ գոյութենական այս պայքարը հաղթական հանգրվան հասցնելու համար։