Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային
SocityԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, կայացել է թվով չորրորդ արյունատվության ակցիան, որն այս անգամ տեղի է ունեցել Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում։
Արծվանիկի բնակիչ Նվեր Ստեփանյանը երկրորդ անգամ է մասնակցում արյունատվության ակցիային։ «Առաջին անգամ արյուն եմ հանձնել Գորիսի արյունաբանական կենտրոնում՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Այն ժամանակ Արծվանիկից 25-30 հոգանոց խմբով գնացել էինք արյուն հանձնելու», - ասել է նա։
Անցած տարվանից մեկնարկած արյունատվական նախաձեռնություններին՝ ներառյալ այս ակցիան, ընդհանուր առմամբ, մասնակցել են ազդակիր համայնքների մոտ 100 բնակիչներ։
Արծվանիկի մեկ այլ բնակիչ Արտյոմ Միրզոյանն էլ եկել է արյուն հանձնելու, որ օգնի արյան փոխներարկման կարիք ունեցող մարդկանց։
Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Սյունիքի արյան կայանի տնօրեն Արթուր Առաքելանը շեշտել է, որ Արծվանիկի մի խումբ բնակիչներ բավականին մեծ օժանդակություն ցույց տվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ` դոնորական արյուն հանձնելով Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում։ «Պետք է ասեմ, որ դա պատերազմական իրավիճակում չափազանց անհրաժեշտ էր ոչ միայն արյան բանկը համալրելու, այլ նաև վիրավորներին օգնություն ցուցաբերելու առումով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Արծվանիկի բնակիչների այս նախաձեռնությունը»,- հայտնել է նա՝ հավելելով, որ կցանկանար՝ Արծվանիկի օրինակին հետևեն նաև Սյունիքի մարզի այլ համայնքները։ Նա նշել է, որ վերջին շրջանում եղել են խոսակցություններ, որ Արծվանիկի բնակիչների արյունը չի համապատասխանում դոնորական արյան համար անհրաժեշտ պարամետրերին։
«Բացարձակ սուտ տեղեկություններ են, քանի որ տեղի արյան դոնորների առողջական վիճակի հետազոտությունները ցույց են տվել, որ արյունատվության համար անհրաժեշտ բոլոր ցուցանիշները միանգամայն գտնվում են նորմայի սահմաններում, և հենց այդ պատճառով էլ մենք արձագանքել ենք այս դոնորական նախաձեռնությանը»։