Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հանվել է վաճառքի:
Նշվում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին տեղաբնակ Հաթիջե Աքայ անունով մեկի սեփականությունն է դարձել, որն էլ, որոշելով վաճառել այն, դիմել է անշարժ գույքի գործակալություն:
Անշարժ գույքի գործակալն էլ թուրքական «DHA» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եկեղեցին վաճառելու հարցում խոչընդոտներ չկան:
«Կա սեփականության վկայական և չկան խոչընդոտներ վաճառքի հարցում: Եկեղեցին 1-ին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության ներքո: Այսօրվանից ի վեր այն հանել ենք վաճառքի և դրա դիմաց ուզում ենք 16 մլն լիրա (շուրջ 500.000 դոլար):
Նշենք, որ եկեղեցին գտնվում է Գյոյդյուն գյուղում և կառուցվել է 19-րդ դարում: Այն 2012-ին գրանցվել է որպես 1-ին խմբի պահպանություն պահանջող մշակութային անշարժ գույք:
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ:
Հ. Գ. Այս իրավիճակը հանգեցրել է Թուրքիայում խորհրդարանական հետաքննության։ Ասորական ծագումով ընդդիմադիր պատգամավոր Ջորջ Ասլանը հարցը ներկայացրել է Թուրքիայի խորհրդարան՝ պատասխաններ պահանջելով մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյից։
Ասլանը դիմել է խորհրդարանական պաշտոնական խնդրանքով, որում ընդգծել է, որ քրիստոնյաների համար եկեղեցիների և վանքերի վաճառքը, որոնք սրբություն են քրիստոնյաների համար, նվաստացնում է նրանց արժանապատվությունը, և հավելել, որ կառավարությունը պարտավոր է կանխել նման օբյեկտների վաճառքը՝ դրանք պահպանելով որպես ազգային ժառանգություն։