«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի երկրորդ կանգառն Աչաջուրում էր. ծրագրի շրջանակում բնակավայրի գրադարանին նվիրաբերվել են նորատիպ գրքեր
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծն ընթացքի մեջ է:
Մարտի 29-ին «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագիրը կրող ծրագիրը պաշտոնական բացմամբ իրականացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Աչաջուրի մշակույթի տանը։ Միջոցառմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը, Աչաջուրի մշակույթի տան տնօրեն Վահե Աղբալյանը, մշակույթի տան և գրադարանների աշխատակիցները, Աչաջուրի մշակույթի տան սաները, գրադարանի մանուկ և պատանի ընթերցողները: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ընթերցանության անկյան պաշտոնական բացման արարողություն։
Ողջունելով ներկաներին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը ներկայացրել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ու դրա նպատակները։ Նրա տեղեկացմամբ՝ Եվրոպական ծրագրի իրականացման հարթակներից մեկն ազգային մանկական գրադարանն ընտրել է Աչաջուրի գրադարանը, որտեղ այսօր պաշտոնապես բացվում է ընթերցանության անկյուն և Աչաջուրի գրադարանին են նվիրաբերվում շուրջ 200 նորատիպ գրքեր:
Նա հույս է հայտել, որ նվիրաբերված գրքերն առավել մեծ հետաքրքրություն կառաջացնեն ընթերցանության նկատմամբ և Աչաջուրի գրադարանում նոր ու բովանդակալից քննարկումների հիմք կդառնան:
Աչաջուրի գրադարանի գրադարանավար Շաքե Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել գրադարանը նորատիպ գրքերով համալրելու համար, ինչն առավել գրավիչ կդարձնի ընթերցանությունը երեխաների շրջանում։ Նա կարևորել է նման նախագծերի իրագործումը, որի միջոցով վերարժևորվում է գիրքը, կրթությունն ու մշակույթը։
Միջոցառման ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրադարանավարները դպրոցահասակ երեխաներին ներկայացրել են հեքիաթապատումներ, զրուցել գրքի, գրականության, մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին։ Երեխաները կիսվել են իրենց դիտարկումներով, տեղեկություններով և ընթերցած գրքերի մասին իրենց կարծիքներով:
Միջոցառման ընթացքում երաժշտական համարներով ներկաներին ողջունել են Աչաջուրի մշակույթի տան սաները:
Երկամսյա ճամբարի ընթացքում նախատեսվում է իրականացնել «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը, որը կներառի տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորությունն ընդգծող միջոցառումներ, վարպետության դասեր, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ ու թեմատիկ քննարկումներ: Այս մասին հայտնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից։