ՌԴ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի գիտնականները գրանցել են հազվագյուտ բնական երևույթ՝ տիեզերական ճառագայթների մյուոնային հոսքի աննորմալ կտրուկ աճ, որն առաջացել է արևի վրա հզոր բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը։
Ինչպես ընդգծել են մամուլի ծառայությունից, ռուս գիտնականներն առաջինն են աշխարհում հայտնել այս երևույթի մասին։ Տիեզերական ճառագայթների մյուոնների հաշվառման արագության աճ է նկատվել 2024-ի մարտի 23-ին համընդհանուր ժամանակով ժամը 01:40-ին (Երևանի ժամանակով 05:40-ին): Գիտնականները մյուոնային հոսքի առավելագույն աճ են նկատել 01:39-ից 01:44-ը:
GLE կոչվող երևույթը տեղի է ունենում Արեգակի վրա հզոր բռնկումների հետևանքով և շատ հազվադեպ է. 1942-ից ի վեր գիտնականները գրանցել են 73 այսպիսի դեպք։ Ըստ ՌԴ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի՝ GLE-74-ը X1.1 դասի արևային բռնկման հետևանք է, որը տեղի է ունեցել ժամը 01:33-ին։