Ինչո՞ւ են Գագիկ Խաչատրյանի գործով դատավորին «վաղաժամ թոշակի» ուղարկում. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը մի շատ հետաքրքիր և, ըստ շատ իրավաբանների որակման, ապօրինի որոշում է կայացրել, որով ՀՀ նախագահին առաջարկում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին նշանակել Սյունիքի մարզի դատավորի պաշտոնում: Որոշումն ինքնին շատ հարցեր է առաջացնում, ի մասնավորի՝ թե ի՞նչ հիմքով է ԲԴԽ-ն նման տարօրինակ որոշում կայացրել և ինչո՞ւ հենց հիմա։ Նախ՝ նշենք, որ ԲԴԽ որոշումը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «Դատական օրենսգրքի» 120-րդ հոդվածի համաձայն, երկու տարբեր դատարանների դատավորներ դիմում են ներկայացրել ԲԴԽ-ին՝ խնդրելով փոխանակել իրենց պաշտոնները. խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի մասին է։
«Փաստը» գրավոր հարցում է ուղարկել ԲԴԽ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու դատավորների կողմից նշված տեղափոխման դիմումների պատճառները, իսկ մինչ կստանանք պատասխանը, փորձենք ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչի՞ հետ գործ ունենք, և թե ինչո՞ւ կարող էր անհրաժեշտ լինել Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավորին «վաղաժամ ուղարկել թոշակի»։ Ուշագրավն այն է, որ դատավոր Մկրտչյանի 65 տարին լրանում է այս տարվա հունիսի 21-ին։ Այսինքն, կա՛մ իշխանությունները վախենում են, որ հետագա պաշտոնավարման կաշկանդվածություն չունենալով՝ մինչև թոշակի անցնելը դատավորը Գագիկ Խաչատրյանի գործով կարող է կայացնել իրենց ոչ հաճելի որոշում, կա՛մ ուղղակի չի հասցնի վերջնական դատական ակտ կայացնել, հետևաբար, ավելի լավ է՝ մեկ այլ դատավորի համար նախօրոք «տեսնել պատրաստություն»։
Այդ առումով իշխանությունը, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ունի իր սրտի թեկնածուներին՝ Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, որոնք հանրությանը հայտնի են անվերապահ իշխանահաճո որոշումներ կայացնելու անգերազանցելիությամբ։ Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ գործը փակուղում է։ Խոշտանգման փաստը ճանաչելու մասին ՄԻԵԴ որոշումները «դամոկլ յան սրի» պես կախ ված են դատավորի գլխին . Մկրտչյանը անցնող երեք ամսվա ընթացքում երկու անգամ մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ինչը նշանակում է, որ, ըստ երևույթին, դատավորը չի ցանկանում թոշակի գնալուց առաջ իր վրա վերցնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին կալանավորելու բեռը, որի հետ հայտնի չէ՝ ինչ կպատահի կալանավայրում։
Ի դեպ, ուշադիր ընթերցողը երևի նկատեց, որ հապճեպ կայացրած այս որոշմամբ ԲԴԽ-ն փոխանակել է ոչ թե Երևանի ու Արմավիրի կամ Երևանի և Սյունիքի դատարանների դատավորներին, այլ Արմավիրի դատավորին առաջարկում է տեղափոխել Երևան, իսկ Երևանի դատավորին՝ Սյունիքի դատարան։ Այսինքն, բացառված չէ նաև, որ այս որոշմամբ Արմավիրի մարզի դատավոր Վահե Ջիվանյանը «վաստակում է» իր տեղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դե, ինչ վերաբերում է Արթուր Մկրտչյանին, ապա պարզ է, որ մինչ թոշակի անցնելը, այսինքն՝ երկու ամսում Սյունիքի դատարանում չի կարողանալու որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Մնում է միայն հասկանալ, թե ո՞րն է այստեղ արդարադատության շահը, արդյո՞ք սա է Կարեն Անդրեասյանի պատկերացրած անկախ դատական համակարգը։
Ի դեպ, դատավորներին տեղափոխելու մասին որոշումը երեկվա դրությամբ դեռ չէր ստորագրվել նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից. գուցե պարզվի, որ Հանրապետության նախագահը, այնուամենայնիվ, որոշակի գործառույթներ կարո՞ղ է իրականացնել…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում