Ռուսաստանում ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմանները հերթական անգամ չեն ապահովվել. Ֆրանսիայի ԱԳՆ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հինգերորդ ժամկետով կմնա պետության ղեկավար։
Ֆրանսիայի իշխանությունները կարծում են, որ ընտրություններն անցել են առանց «որևէ անաչառ միջազգային դիտարկման»։ Նրանք նաև դատապարտել են Ղրիմում և ՌԴ կազմ մտցված նոր շրջաններում քվեարկության անցկացումը։
«Ռուսաստանում ընտրական գործընթացը տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության և ռեժիմի դեմ ցանկացած ձևի հակազդման նկատմամբ բռնաճնշումների, խոսքի ազատության անընդհատ աճող սահմանափակումների և անկախ լրատվամիջոցների գործունեության արգելման պայմաններում... Չեն պահպանվել նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուների՝ լրատվամիջոցներին հավասար հասանելիության վերաբերյալ միջազգային չափանիշները։
Ազատ, բազմակարծիք և ժողովրդավարական ընտրությունների պայմանները հերթական անգամ չեն ապահովվել», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են մարտի 15-ից 17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արձանագրությունների 99,7%-ի մշակումից հետո Վլադիմիր Պուտինը, որը մասնակցել է որպես ինքնաառաջադրված թեկնածու, ստացել է ձայների 87,31%-ը։ Նրան, ի թիվս այլոց, շնորհավորել են Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները։