ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը TikTok-ն արգելելու օրինագիծ է ներկայացրել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն օրինագիծ են հրապարակել, համաձայն որի TikTok սոցիալական ցանցը կարգելվի, եթե չանջատվի Չինաստանում գտնվող իր մայր ընկերությունից։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
«Ամերիկացիներին օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու մասին» օրինագծի հեղինակներ են հանդես եկել հանրապետական Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Քրիշնամուրթին։
Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես «օտարերկրյա հակառակորդների» կողմից վերահսկվող հավելվածներ:
Օրինագիծը չինական ByteDance ընկերությանը կհարկադրի հրաժարվել կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok հավելվածից, այլապես հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում։
«Եթե ընկերությունը չհրաժարվի TikTok-ից, ապա դրա տարածումը App Store-ի կամ վեբ հոսթինգի հարթակի միջոցով անօրինական կդառնա ԱՄՆ-ում, ինչով, փաստորեն, այն կարգելվի նույնիսկ ներկայիս օգտատերերի շրջանում», - նշվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ օրինագիծը նախագահին թույլ կտա արգելել նաև օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող մյուս հավելվածները։
Հրատարակությունը պարզաբանում է, որ օրինագծի տիրույթում հայտնված «օտարերկրյա հակառակորդների» թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։
Օրինագիծը ByteDance-ին ավելի քան հինգ ամիս կտա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո TikTok-ից հրաժարվելու համար:
Հաղորդվում է, որ օրինագիծը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի՝ մարտի 7-ին կայանալիք նիստում։