«Մենք նման բաժանմունք չենք ունեցել». ինչու՞ է Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից
SocityԴեռևս 2021 թվականին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքն անվանակոչվել էր 44-օրյա պատերազմի հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում երեկ հայտնել էր, որ Ալբերտ Հովհաննիսյանի անվան ցուցանակը հանվել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից.
«Երեկ Հովհաննիսյանն ու կինը լրիվ այլ գործով գնացել են 8-րդ հիվանդանոց, որի մի ամբողջ բաժանմունքն անվանակոչված էր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: Պատահաբար նկատել են, որ ցուցանակը բացակայում է: Հարցին, թե ուր է ցուցանակը, ոմն աշխատակից պատասխանել է, որ իրենք նման բաժանմունք չեն ունեցել, չգիտեն՝ ուր է ցուցանակը, ոչ մի մեկնաբանություն չեն տվել»,- 1or.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի բարեկամ, 44-օրյա պատերազմի հերոս մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը:
Հարցին, թե արդյոք փորձե՞լ են որևէ այլ մեկնաբանություն ստանալ կատարվածի վերաբերյալ, Ալավերդյանը պատասխանեց.
«Ի՞նչ իմաստ ունի: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին վարկաբեկել, որևէ մեկի հետ վիճաբանել: Մենք կոնկրետ արձանագրել ենք փաստը, որը տեսել ենք մեր աչքով: Թող գնահատականը հասարակությունը տա»:
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընդունարանից մեզ հայտնեցին, որ այս պահին ցուցանակը փակցված է.
«ԲԿ-ում կառուցվածքային փոփոխություն է կատարվել, պլաստիկ վերականգնողական բաժանմունքը տեղափոխվել է ուրիշ հարկ, հետո ցուցանակը նորից փակցվել է»:
Մեր դիտարկմանը, թե հիվանդանոցում Հովհաննիսյանի ծնողներին ասել են, «որ իրենք նման բաժանմունք չեն ունեցել», ԲԿ-ից պատասխանեցին.
«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ցուցանակը փակցված է պլաստիկ վերականգնողական բաժանմունքում»:
Արարատ Ալավերդյանը պնդում է՝ երեկվա երեկոյի դրությամբ ցուցանակը փակցված չի եղել.
«Հավանաբար ցուցանակը վաղ առավոտյան են նորից փակցրել՝ խոսակցություններից խուսափելու համար»:
Նոյեմ Սարգսյան
Առավել մանրամասն` այստեղ.