Ադրբեջանցի սահման անցնողը կրակել է, բայց թե մերոնք ոնց են բռնել, մալադեց․ Տեղի բնակիչ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ համայնքային հողերում տեղակայված ադրբեջանական դիրքից զինծառայողներ էին հատել շփման գիծը։ Արդյունքում մեկ ադրբեջանցի դիվերսանտ ձերբակալվել էր։
«Հրապարակը» փորձեց հասկանալ, թե գյուղում ինչ իրավիճակ է, սակայն Տեղի համայնքապետի թե տեղակալը, թե համայնքի աշխատակազմի ղեկավարը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չէին ներկայացել ու նշեցին, որ որևէ այլ մանրամասների չեն տիրապետում։
Կապ հաստատեցինք Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի հետ, ով ասաց, որ երկրորդ ադրբեջանցի զինծառայողը ամենայն հավանականությամբ հետ է գնացել իրենց դիրքերը։
«Սովորական զինվոր են եղել։ Մեր պայմանագրայինները բռնել են ու տարել Գորիս»,-ասաց Հովսեփյանը։ Այս պահին ադրբեջանցի զինվորականը ԱԱԾ-ում է։
Տեղ գյուղի բնակիչներից փորձեցինք պարզել, արդյոք ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը որոնման աշխատանքներ է տարել համայնքում և այլն, սակայն բնակիչները, ի զարմանս մեզ, տեղյակ չէին, թե ինչ է կատարվում։
Խուճապ չկա, մարդիկ իրենց առօրյա կյանքով են ապրում՝ սա այն հիմնական պատասխանն էր, որ տրվում էր մեզ։
«Գյուղ չեն մտել, գյուղից մի կիլոմետր հեռու մերոնք բռնել են։ Դա մենակ եկած չի լինի հաստատ՝ երկուսով եկած կլինեն, թե երեքով եկած կլինեն։ Թե ինչի են եկել՝ չգիտենք, էնքան որ եկել են՝ բռնվել։ Գիտեմ, որ կրակոց է եղել, ադրբեջանցին հենց կրակել է, բայց թե մերոնք ոնց են բռնել՝ դա հետաքրքիր է։ Սահման անցնող ադրբեջանցիները կրակել են մերոնց ուղղությամբ, մերոնք էլ, մալադեց, բռնել են»,-ասաց Տեղի բնակիչ Շեգունցը։
Վերջինս նշեց, որ ոչ մի տեղեկատվություն չունեն, իրենց առօրյա գործերով են զբաղվում։
Վերջինս տեղյակ չէր նաև, արդյոք որոնումները երկրորդ ադրբեջանցի դիվերսանտի՝ շարունակվում են, թե ոչ։
Տեղի մեկ այլ բնակիչ ասաց, որ նման դեպքեր երբեմն պատահում են ու չցանկացավ պատասխանել մեր զանգերին։ Նշենք, որ համայնքապետարանի աշխատակիցները դժկամությամբ էին պատասխանում՝ գյուղում տիրող վիճակի մասին մեր հարցերին, հայտարարելով, որ գյուղում ոչ մի իրավիճակ էլ չկա՝ գյուղում ամեն ինչ նորմալ է։ Որոնումների մասով էլ հայտնում էին, որ տեղյակ չեն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր․
«Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով»։