Ավելի քան 50,000 մարդ պահանջում է Նավալնիի մարմինը հանձնել ընտանիքին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան 50 հազար մարդ պահանջել է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել հարազատներին։ «ՕՎԴ-Ինֆո» (ОВД-Инфо) իրավապաշտպան նախագծի հատուկ ծառայության միջոցով փետրվարի 19-ին լուրի հրապարակման պահին ՌԴ Քննչական կոմիտե է ուղարկվել մոտ 50,700 համապատասխան դիմում, հայտնում է dw.com կայքը:
«ՕՎԴ-Ինֆո»-ն պնդել է, որ ռուսական իշխանությունները չեն նշում 47-ամյա Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառը և հրաժարվում են նրա մարմինը հանձնել մորը։
«Սալեխարդի Քննչական կոմիտեն պնդում է, որ մահվան պատճառը պարզված չէ, և կատարվում է կրկնակի հյուսվածաբանական հետազոտություն, արդյունքները կստացվեն միայն հաջորդ շաբաթ։ Քաղաքական գործչի հարազատներն ու մերձավորները կարծում են, որ այդ կերպ իշխանությունները փորձում են թաքցնել նրա մահվան իրական պատճառը»,- ասված է հայտարարությունում:
Մինչդեռ մահացած ընդդիմադիրի գործընկերները հայտնել են, որ նրա մորը՝ Լյուդմիլա Նավալնայային, թույլ չեն տվել մտնել դիահերձարան, որտեղ, ամենայն հավանականությամբ, գտնվում է քաղաքական գործչի մարմինը։
«Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները ժամանել են դիահերձարան, նրանց թույլ չեն տվել ներս մտնել: Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել: Այն հարցին, թե արդյոք Ալեքսեյի դին այնտեղ է, աշխատակիցները չեն պատասխանել»,- Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը գրել է սոցցանցերում։
Քիչ անց նա հայտնել է, որ ՌԴ Քննչական կոմիտեն քաղաքական գործչի մորն ու փաստաբաններին հայտնել է, որ մահվան գործով հետաքննությունը երկարացվել է։
«Ինչքան դեռ սա կտևի, հայտնի չէ։ Մահվան պատճառը դեռ «պարզված չէ»։ Նրանք ստում են, ժամանակ են ձգձգում և չեն էլ թաքցնում»,- համոզված է Յարմիշը։
Մեկ օր առաջ Новая газета. Европа-ն, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի շրջանային կլինիկական հիվանդանոցի դիահերձարանում։ Ըստ լրատվամիջոցների՝ փետրվարի 17-ի դրությամբ դիահերձում չի կատարվել։
Նավալնիի մահվան մասին հայտնի է դառել ուրբաթ: ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալի բաժնի տվյալներով՝ ուրբաթ զբոսանքից հետո Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել։ RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թրոմբն է եղել:
Պուտինի կոշտ քննադատ Նավալնիին անցած տարվա վերջին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկի՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութ։