Բադալյան եղբայրների տարբեր ձեռնարկություններից հինգը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են
SocityԲադալյան եղբայրների կողմից հիմնադրված բիզնեսներից հինգը նախորդ տարեվերջի ամփոփիչ արդյունքներով ներառվել են ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում՝ նշանակալից ներդրում ապահովելով հանրապետության տնտեսական զարգացման մեջ։ Գործելով ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, այլև հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և նույնիսկ շինարարության ոլորտներում՝ այդ ձեռնարկությունները դարձել են հայաստանյան բիզնես լանդշաֆտի առանցքային ներկայացուցիչներ։
Ընդգծելով բիզնեսների բազմազանությունը և աշխատաշուկայի վրա դրական ազդեցությունը՝ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր և նախագահ Վահե Բադալյանը նշում է․ «Մեր կողմից հիմնադրված ընկերություններում աշխատակիցների քանակը Հայաստանում 2023թ․ կազմել է շուրջ 7000 հոգի, իսկ արտերկրում՝ 2000-ից ավելի»։
2022 և 2023 թվականների տարեկան արդյունքներով տնտեսական տվյալներն ընդգծում են Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված հայաստանյան բիզնեսների առողջ ու կայուն աճը։ Մասնավորապես, 2023թ․ ընթացքում վճարված հարկերի ծավալը կազմել է 17,3 միլիարդ դրամ։ Հոլդինգի և երկրի խոշորագույն ՏՏ կազմակերպությունը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն 2023թ․ պետբյուջե է վճարել ավելի քան 12 միլիարդ ՀՀ դրամ։
Հատկանշական է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված և տարբեր ոլորտներում գործող բիզնեսներից հինգը 2023թ․ արդյունքներով ներկայացված են ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Երկրում գործող խոշորագույն՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՏՏ ընկերությունն զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն՝ 93-րդ։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 648-րդ տեղում է, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ-ն՝ 873-րդ, իսկ «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն 958-րդ խոշոր հարկատուն է Հայաստանում:
Նշված խոշոր հարկատու ընկերությունները գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների, խաղային բիզնեսի, հեռուստատեսության և բանկային ոլորտներում՝ հավաքականորեն զգալի ներդրում ապահովելով ՀՀ տնտեսական աճում։