Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ պատիժ կրող կանանց ու անչափահասների համար ինտերակտիվ ներկայացում է բեմադրվել
SocityԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առաջին անգամ երաժշտական ներկայացում բեմադրվեց։ Պատիժ կրող կանայք ու անչափահասները հնարավորություն ունեցան դիտելու ռեժիսոր Արմեն Դալլաքյանի «Սրտի վալետ» կատակերգությունը։
Դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում միջոցառումը կազմակերպել էին «Հանուն ազատության» իրավական եւ «ԷԼ-ՄԱՐ արվեստի ինստիտուտ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունները։ Ներկայացման թեման ու ժանրը ընտրել են բանտարկյալները․ նախորդ տարի դիտել են 44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմը եւ ռեժիսորին խնդրել հաջորդ անգամ թատերական ներկայացում բերել կալանավայր։ Արմեն Դալլաքյանն էլ ներկայացման նախնական սցենարը փոխել, հարմարեցրել է հանդիսատեսի պահանջներին։ Ներկայացումը ինտերակտիվ էր, խաղին մասնակցում էր նաեւ հանդիսատեսը։
Սպանության համար 13 տարի ու 9 ամիս ազատազրկման դատապարտված Նարե Ներսիսյանը 4 երեխաներից կրտսերին ունեցել է 2 տարի առաջ՝ բանտում։ Մասնագիտությամբ դիմահարդար է, կարեւորում է նման միջոցառումները։ «Շատ լավն էր, ողջունելի էր, որ մեր մոտ բերում եք, մենք էլ ենք ուրախանում, մեզ ժպիտներ եք պարգեւում, կուզենք շատ լինի ու եթե հնարավոր լինի դատապարտյալներն էլ մասնակցեն»,-ասում է նա։
«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը կարեւորում է մասնավոր հատվածի աջակցությամբ սոցիալականացման ծրագրերի իրականացումը կալանավայրերում։ Միաժամանակ, այս ծրագրերով փորձում են խթանել պետությանը՝ վերասոցիալականացնելով պատիժ կրող անձանց։ «Սա երկրորդ ծրագիրն է, որին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նման ծրագրերով ուզում ենք փոխել գործատուների, հասարակության վերաբերմունքը նախկին դատապարտյալների, պատիժ կրող անձանց հանդեպ»,-ասում է Իրինա Մանուկյանը։
Ներկայացմանը հրավիրվել էին նաեւ «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք եւ «Հանուն Ազատության» ՀԿ-ն նվերներ էին պատրաստել պատիժ կրող 2 անչափահաս տղաների, ինչպես նաեւ դատապարտյալ կանանց մոտ մեծացող երկու նորածին երեխաների համար։