ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Գազայում հրադադարի առաջարկին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է, որ պատասխանել է ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի կողմից առաջարկված հրադադարին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Փարիզում համաձայնեցված հրադադարի առաջարկը ենթադրում է 6-շաբաթյա հրադադար, որի ընթացքում իսրայելցի պատանդները փուլ առ փուլ կփոխանակվեն Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ։
ՀԱՄԱՍ-ի պատասխանի մանրամասները չեն հրապարակվել, սակայն շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջարկին արձագանքել է «դրական ոգով»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը Մերձավոր Արևելքում արդեն այցելել է Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Կատար, փետրվարի 7-ին Իսրայելում կքննարկի ՀԱՄԱՍ-ի պատասխանը իսրայելցի պաշտոնյաների հետ։
Փետրվարի 6-ին Դոհայում նա նշել է, որ «շատ աշխատանք կա տանելու», սակայն Վաշինգտոնը հավատացած է, որ համաձայնության հասնելը հնարավոր է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը ցույց է տալիս «որոշակի շարժ» դեպի համաձայնագիր։ Այդուհանդերձ, փետրվարի 6-ին ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել էր, որ շարժումը թույլ չի տա պատանդների ազատ արձակում՝ առանց երաշխիքների, որ պատերազմը կավարտվի, և Իսրայելի ուժերը դուրս կգան Գազայի հատվածից։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվի, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։ Նեթանյահուն նաև բացառել է պաղեստինյան պետության ստեղծումը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայում մնացած 136 պատանդներից 31-ը զոհվել են։ Նոյեմբերին կողմերի միջև տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ընթացքում Իսրայելը վերադարձրել էր 110 պատանդի՝ նրանց դիմաց ազատ արձակելով 240 պաղեստինցի բանտարկյալների։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 27 585-ի։