Փաշինյանի հոգևոր հայրը բացահայտվել է
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է.
Շատերն են որոնումի մեջ, ցանկանալով պարզել, թե ով է Փաշինյանի հոգևոր հայրը: Ոմանք այդ դերում տեսնում են ԼՏՊ-ին, այլոք որոնում են հեռավոր Արևմուտքում, մինչդեռ այնքան էլ դժվար չէ պարզել իրական հոգևոր հոր ով լինելը:
Ասեմ, թե ինչպես կարելի է դա անել: Քննում ենք, թե իր գալով ինչ արեց Փաշինյանը: Իսկ արեց հեևյալը՝ ապացուցեց, որ մենք.
-չունենք սահմանադրություն, և այն ընդամենը մի թղթի կտոր է,
- չունենք օրենքներ, դրանք արտագրված են ուրիշից և չեն կարող գործել,
-չկա իշխանության ճյուղերի տարանջատում, և բոլորն առաջին դեմքի գրպանում են,
-չկան զսպիչ կառույցներ, և առաջին դեմքն ինչ ուզի, կանի,
- չկա պետականություն կրող ժողովուրդ, դրա փոխարեն կա հիմնականում ցածրամշակույթ բազմություն,
-չկա քաղաքական տարրական մտածողություն ունեցող էլեկտորատ,
- չկան պետական կառավարման ինստիտուտներ՝ նախարարություններ, մարզպետարաններ, ՏԻՄ, ու դրանք բոլորը ձևական են,
-չկա քաղաքական տարրական արժանապատվություն ունեցող քաղաքացի,
- չկա մարդկանց տարրական ինքնակազմակերպվածություն նույնիսկ մեկ փոքր գյուղի մաշստաբով,
-և, վերջապես, չկա հայության շահը պաշտպանող պետություն:
Հիմա եկեք զննենք երրորդ հանրապետության քաղաքական պատմությունը և փորձենք պարզել, թե ով է շարունակաբար պնդել այս դրույթները և, փաստորեն, ում տեսակետների տարածմանն է նպաստել Փաշինյանը: Ընտրությունը մեծ չէ, քանի որ ընդամենը մի մարդ է տասնամյակներ շարունակ արել հասարակական կարծիքին դեմ գնացող այդ պնդումները: Այդ մարդու անունն է Արծրուն Պեպանյան:
Այո, վերջին երկու տարվա մեր իրականությունը զննելով, վստահաբար կարելի է պնդել, որ Փաշինյանը փաստացի իմ հոգեզավակն է և ժողովրդին հասանելի է դարձրել իմ դրույթների ճշմարտացիությունը: Եվ այդու, ես խորապես շնորհակալ եմ Փաշինյանից այդ անգնահատելի օգնության համար. նա երկու տարում իմ դրույթների տարածման գործում արեց հազար անգամ ավելին, քան ես արել էի 23 տարում գրքերի, հարցազրույցների, հեռուստահաղորդումների, սեմինար-քննարկումների, ակումբային գործունեության միջոցով: Շնորհակալ եմ ու երիցս շնորհակալ եմ:
Այդուհանդերձ հարկ եմ համարում ներկայացնել մի նկատառում. վերը բերված այդ բոլոր թեզերը ներկայացնելով, ես նաև նշում եմ բացերը լրացնելու, ժողովրդի մենթալիտետը փոխելու, մարդկանց ինքնակազմակերպման տանելու, պետությունը հզորացնելու, համահայկայան համաշխարհային կառույց ստեղծելու ուղին: Փաշինյանն այս երկրորդ մասը չի անում: Ոչինչ, թեզերս տարածելով՝ նա պարարտ հող է ստեղծել, և մնացածն արդեն կանեմ ինքս:
Ձեզ հետ միասին:
Արծրուն Պեպանյան