Սուր շնչառական վարակներով բուժում է ստանում 733 մարդ, որոնց 85%-ը երեխաներն են․ համաճարակաբան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր երկրում գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվության և հիվանդացության աճ է նկատվում: Ավելացել են ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմելիության և ստացիոնար հոսպիտալացման դեպքերը։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական վարակներով բուժում է ստանում 733 պացիենտ, որոնց 85%-ը 0-18 տարեկաններն են, իսկ թոքաբորբով հիվանդ է 343 մարդ է մարդ, նրանց 62 տոկոսն են 0-18 տարեկանները։
«Վարակների և հիվանդացության ակտիվությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է, սակայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա, որը վերաբերվում է և՛ սուր շնչառական վարակներին, և՛ թոքաբորբին»,- նշեց նա։
ԱՆ համաճարակաբանի խոսքով՝ սուր շնչառական հիվանդության աճ կա փոքրիկների՝ 0-4 տարեկան երեխաների շրջանում, նրանք հիվանդանոցային պայմաններում են բուժում ստանում։
Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։
Բժիշկը, սակայն, վստահեցնում է՝ անհանգստանալու պատճառ չկա, վարակների ակտիվությունը սեզոնայնությամբ է պայմանավորված։
«Գրիպի ախտանշանները մի փոքր տարբերվում են սուր շնչառական վարակներից։ Եթե սուր շնչառական վարակների կարող են սկսվել քթահոսությամբ, կոկորդի ցավով, ապա գրիպին բնորոշ է սուր սկիզբ՝ ջերմության բարձրացմամբ, լինում է գլխացավ, հոդացավ, թուլություն և ախորժակի կորուստ»,- ասաց նա։
Սուր շնչառական վարակների աճին զուգահեռ, համաճարակաբանի ներկայացմամբ, քովիդի դեպքերի կայունացում է նկատվում։
ԱՆ ներկայացուցիչը հորդորում է վարակներին բնորոշ ցանկացած ախտանշանի դեպքում, ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժշկի։
Մասնագետը նաև նշեց, որ գրիպի դեմ միակ կանխարգելումը պատվաստումն է, ուստի պատվաստումները հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, և այն անձը, որն ուզում է պատվաստվել, կարող է դիմել իր պոլիկլինիկա և պատվաստվել:
«Սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը, ինչպես քովիդի ժամանակ, այնպես էլ սուր շնչառական վարակների և գրիպի դեպքում շատ կարևոր է, և դա կարող է ավելի շատ նվազեցնել այդ վարակի տարածումը։ Պետք է անընդհատ ձեռքերը լվանալ, ախտահանել»,- կարևորեց համաճարակաբանը։
Եթե հիվանդ եք, մնացեք տանը՝ հորդորում է բժիշկը և հավելում, որ այսկերպ վարակի տարածման աղբյուր չեք դառնա։