Փաշինյանը վերսկսում է մարզային այցերը
SocityԼոռու մարզում Արամ Ղազարյանին մարզպետ նշանակելուց հետո, Փաշինյանն առաջիկայում վերսկսելու է իր մարզային այցերը, ընդ որում այս անգամ, ըստ ՔՊ մեր աղբյուրի, բոլոր մարզպետներին հստակ հայտարարել են, որ որևէ խնդիր տեսնելու դեպքում անմիջապես պաշտոնանկ են անելու։ Բանն այն է, որ նախորդ անգամ Արմավիրի և Լոռու մարզ կատարած այցերից հետո Փաշինյանը լուրջ խնդրի առջև էր կանգնել՝ չիմանալով, թե ում նշանակի Լոռու մարզպետ։
Եթե Արմավիրի մարզում Դավիթ Խուդաթյանին կարողացան մարզպետ նշանակել, իսկ քաղաքը մնաց ՔՊ-ի տիրապետության տակ, ապա Լոռու մարզում ընդհանրապես չունեին համապատասխան թեկնածու։ Ինչպես և սպասելի էր նախապատվությունը տվեցին ուժային կառույցում՝ այս դեպքում ոստիկանությունում ծառայած մարդու։
Փաշինյանը նաև իր դասընկեր, ոստիականապետ Վահե Ղազարյանից ցուցակներ է ուզել տարբեր մարզերում նախկին ու ներկա ոստիկանների վերաբերյալ, որոնց կարող է վստահել որևէ պաշտոն, այդ թվում ոչ միայն մարզպետի, այլ նաև համայնքապետի, եթե հարկ լինի որևէ մեկին պաշտոնանկ անել, ընդ որում առաջին հերթին հարվածի տակ են լինելու ոչ ՔՊ-ական համայնքապետերը, այլ նրանք, ովքեր ժամանակին հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Փաշինյանը նոր շոուներ կազմակերպելու բուռն մտադրություն ունի՝ հասկանալով, որ միայն այդ կերպ կարող է որոշակի ընտրազանգված ապահովել, իսկ մնացածն արվելու է վարչական ռեսուրսի ահաբեկումների և տեղական քրեական հեղինակությունների միջոցով։
Կարեն Կիրակոսյան