Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ազգային պետության հեռանկարը. «Փաստ»

Socity

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը» Գարեգին Նժդեհ

2023 թվականը մեր պատմության մեջ կմնա որպես մեծագույն ազգային աղետի տարի։ Տասնամյակների պայքարի եւ մաքառումից հետո, մեր սխալների եւ ձախողումների կրիտիկական զանգվածը հանգեցրեց թշնամու կողմից բազմահազար նահատակների արյամբ ազատագրված եւ պահված հայկական Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը։ Թեեւ այս մռայլ հեռանկարը ուրվագծվում էր արդեն անցած տարվա սկզբին, նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումներում դժվար էր պատկերացնել, որ այն տեղի կունենա այդպես արագ, այդպես կայծակնային, ողջ հայության կողմից լիակատար թեւաթափության եւ դիմադրության բացակայության պայմաններում։

Ոմանք կպնդեն, որ սա ոչ թե ողջ հայության պարտությունն էր, այլ Նիկոլ Փաշինյանի ապազգային վարչակարգի։ Սակայն եթե Նիկոլ Փաշինյանը եւ իրեն շրջապատող պատեհապաշտների խումբը կարողացան հետեւողականորեն կազմալուծել հայության դիմադրողական ուժերը, եւ կանգնեցնել նրան այս կոտրված տաշտակի առաջ, ապա եւ ողջ հայությունը պետք է իր մեջ փնտրի պարտության պատճառները, եւ յուրաքանչյուր գիտակից ոք անկեղծ պատասխան տա մեզ տանջող բազմապիսի հարցերին։ Առանց դրանց պատասխանելու, մեր պարտությունների շարանը կարող է շարունակվել, եւ բերել հայկական նորօրյա պետականության վերջնական կազմալուծման։

Նյութապաշտության հաղթարշավը

Արցախյան առաջին պատերազմը գաղափարի հաղթանակ էր նյութի նկատմամբ։ Այդ պատերազմի բազմաթիվ հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Քրիստափոր Իվանյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը եւ շատ ուրիշները, գաղափարական մարդիկ էին, դաստիարակված ազգային (իսկ ոմանք էլ նաեւ խորհրդային) գաղափարախոսության հիման վրա։ Նրանց համար հայրենիքը, ազգը, մարտական պատիվը, արդարությունը իրապես բարձրագույն արժեքներ էին, նրանք պատրաստ էին հանուն դրանց ցանկացած զոհաբերության, եւ շատերն էլ իրենց կյանքը նվիրաբերեցին՝ հանուն այդ արժեքների եւ մեր հավաքական հաղթանակի։

Պատերազմի ավարտից հետո սակայն, թե ռազմական, եւ թե քաղաքական վերնախավերում սկսեց տարածվել նյութապաշտության որոմը։ Հետադարձ դժվար է հստակ նշել, թե որտեղ եւ կոնկրետ ինչով է դա սկսվել, դրա որոշ դրսեւորումներ կային արդեն պատերազմի օրոք, սակայն նրա ավարտից հետո այն սկսեց մեծ արագությամբ տարածվել։ Կլիներ դա վաուչերային մասնավորեցման միջոցով պետական գույքը «կոպեկներով» ձեռք գցելը, հաստոցները եւ սարքավորումները մետաղի ջարդոնի տեսքով արտահանելը, ներմուծման մենաշնորհների վրա գերշահույթներ ստանալը, թե ժամկետային զինծառայողներին ճորտի տեղ շահագործելը՝ մեծ ու միջին բազմաթիվ ղեկավարներ համարեցին, որ պատերազմում հաղթանակը եւ խորհրդային կենտրոնի վերահսկողության թոթափումը բացառիկ հնարավորություն է իրենցից յուրաքանչյուրին՝ արագ հարստանալու եւ նոր հասարակարգում կարկառուն դիրքեր զբաղեցնելու համար։

Վայրի կապիտալիզմի այս հաղթարշավին դիմադրության տարբեր փորձեր եղել են՝ 1996 թ․ սեպտեմբերին ընտրողների մեծամասնությունը դեմ քվեարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը, զգալի չափով որպես բողոքի նշան ծավալվող վայրի կապիտալիզմի եւ խորացող անարդարության դեմ, իսկ 1999 թ․ մայիսին էլ իշխանության բերեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքը՝ սոցիալական արդարությունը վերականգնելու հստակ սպասումներով։ Նրանց նկատմամբ իրագործած սարսափելի ահաբեկչությունը, սակայն, ի դերեւ բերեց հասարակության այս հույսերը, եւ քաղաքական անկայունության որոշակի շրջանից հետո, նյութապաշտության հաղթարշավը մեր երկրում շարունակվեց, ներառելով արդեն նոր կյանքի տերերի նոր խմբերի՝ եթե կարելի է «վերեւներին», ապա ինչ՞ու նրանց «կողքինները» չպետք է իրենց բաժինը ստանան։

1999 թ․ հոկտեմբերի 27-ին հաջորդած համարյա երկու տասնամյակների ընթացքում, հայկական հասարակությունը ապրում էր անթաքույց նյութապաշտության եւ ազգային գաղափարների տարօրինակ հիբրիդի պայմաններում։ Մի կողմից, իշխանությունը հպարտություն էր սերմանում՝ հաղթած պետություն լինելու եւ տարածաշրջանի առավել մարտունակ բանակն ունենալու, մյուս կողմից՝ այդ պետության եւ բանակի զարգացման մեջ բավարար ներդրումներ չէին կատարվում, եւ այն տարեցտարի հետ էր ընկնում թշնամու հետ սրվող մրցավազքում։ Մի կողմից, իշխանությունը պրոպագանդում էր ազգային-ազատագրական պայքարի հերոսներին, մյուս կողմից, իրական կյանքի հերոսները հրաշքով հարստացած օլիգարխները եւ նրանց թիկնազորներն էին, նոր սերունդն էլ փորձում էր նրանց նմանվել, ոչ թե Նժդեհին եւ Մոնթեին։ Մի կողմից, իշխանությունը հպարտանում էր տնտեսական աճի արագ տեմպերով, մյուս կողմից, երկրում խորանում էր անհավասարությունը եւ աղքատությունը, իսկ աճի բարիքներից օգտվում էր հիմնականում իշխանամերձ արտոնյալների նեղ շերտը։

Այս ամենը բերում էր հանրային ահագնացող դժգոհության եւ բողոքի, որը պարբերաբար արտահայտվում էր տարբեր ձեւերով։ Գործող իշխանության համար տառացիորեն յուրաքանչյուր նախագահական ընտրություն դառնում էր ծանր մարտահրավեր, իսկ 2008 թ․ ընտրությունները վերաճեցին բացահայտ արյունահեղության։ Նույնիսկ պետական կառույցներում գործող մարդկանց համար այս իրավիճակը բերում էր գիտակցության երկփեղկման՝ նրանց մեծ մասը հստակ չգիտեր, թե իրենցից ինչ է սպասվում՝ ազնվություն, պրոֆեսիոնալիզմ եւ պետականամետ գործունեությո՞ւն, թե՞ կոռուպցիոն սխեմաներին եւ ներքին կլաններին ստվերային մասնակցություն՝ առկա համակարգում հաջողության հասնելու համար։ Որպես արդյունք՝ հիասթափություն, գործի փոխարեն՝ դրա իմիտացիա, պետական եւ ռազմական ծառայության հեղինակության անկում, տնտեսության մեջ՝ լճացում, բազմաթիվ մասնագետների հեռացում եւ արտագաղթ։ Հանրային դժգոհությունը անշեղորեն աճում էր, իսկ 2016 թ․ դրամատիկ իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ այսպես շարունակվել էլ չի կարող՝ հայկական պետությունը արդեն իսկ գտնվում էր փլուզման եզրին։

Իշխանափոխությունը եւ նյութապաշտության փոխակերպումը

2016 թ․ աշնանը, քաղաքական սուր ճգնաժամի պայմաններում, Հայաստանում նոր կառավարություն ձեւավորվեց, եւ նրա գործունեության առաջին ամիսները հայկական հասարակությանը սկսեցին հույս ներշնչել, որ երկրում կուտակված եւ նրան շնչահեղձ անող խնդիրները կսկսեն աստիճանաբար լուծում ստանալ, 2017-ը այդ իմաստով մի շարք բարեփոխումների եւ զգուշավոր լավատեսության տարի էր։ Այս խոստումնալից ընթացքը սակայն խաթարվեց տարվա վերջին, երբ պարզ դարձավ, որ իշխող վարչախումբը չի պատրաստվում զիջել քաղաքական ազդեցության լծակները, իսկ 2018 թ․ ապրիլին՝ նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է փաստացի շարունակել իշխանության ղեկին մնալ՝ արդեն որպես խորհրդարանական մեծամասնության ղեկավար եւ վարչապետ։ Այս շրջադարձը հանդիսացավ այն կատալիզատորը, որը բերեց հանրային բողոքի նոր ալիքի, եւ ի վերջո հանգեցրեց մեզ հայտնի իշխանափոխությանը 2018 թ․ գարնանը։  

Թեեւ իշխանափոխության հիմնական լոզունգները («Քայլ արա, մերժիր Սերժին», «Նիկոլ-վարչապետ», «Ասֆալտին փռել», «Սեւեր եւ Սպիտակներ») ի սկզբանե ազգային չեն եղել, սակայն իշխանության եկած նոր ուժերը սկզբնական շրջանում խուսափում էին հակազգային որեւէ հռետորաբանությունից։ Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր հավատացնել հասարակությանը, որ «պրո-ժողովրդավարական» եւ «հակա-կոռուպցիոն» իր օրակարգը մեր ազգային խնդիրները լուծելու լավագույն տարբերակն է, որ ժողովրդավարական աշխարհը «սարի պես կանգնած» է տարծաշրջանում «ժողովրդավարության նոր բաստիոն» Հայաստանի թիկունքում, որ դա բերելու է Արցախի փաստացի անկախ կարգավիճակի իրավական ճանաչմանը աշխարհի կողմից (այսօր, երբ Արցախը բռնազավթված է, այդ կեղծ խոստումները ավելի քան անհեթեթ են հնչում)։

Հայ հասարակության մեծ մասը, ոգեւորված տեղի ունեցած իշխանափոխությամբ, «ժողովրդավարության հաղթարշավով» եւ բացվող նոր հեռանկարներով, իրականում չէր նկատում (կամ չէր ցանկանում նկատել), որ նոր իշխանությունը գաղափարապես մերկ է։ Ունենալով աննախադեպ բարձր հանրային աջակցության մակարդակ, այն ընդունակ չգտնվեց ներկայացնելու այնպիսի գաղափարական դոկտրին, որը կբերի նաեւ հանրային կայուն համերաշխության եւ ազգային պետության վերածննդի։ Փոխարենը, ընտրվեց հասարակությունը «սեւերի եւ սպիտակների» պառակտելու արատավոր տրամաբանությունը, որը գուցե եւ շոյում էր նախորդ իշխանության օրոք ճնշված եւ ընչազուրկ հանրային խավերի ինքնասիրությունը, սակայն բերեց առանց այդ էլ թուլացած պետական ինստիտուտների փաստացի կազմալուծման, հասարակության բեւեռացման, ահագնացող արտաքին վտանգի առաջ նրա զգոնության բթացման։ Պատահական չէր, որ 2020 թ․ աղետալի 44-օրյա պատերազմին նախորդած ամիսներին, պատերազմի վտանգը եւ նրան պատրաստվելու անհրաժեշտությունը երբեւիցե հանրային լուրջ քննարկման առարկա չդարձան, փոխարենը նրա ուշադրությունը կենտրոնացած էր Սահմանադրական դատարանի կազմալուծման, անկառավարելի դարձած համաճարակի, դրա բերած տնտեսական ճգնաժամի, եւ այլ նմանատիպ հարցերի վրա։  

Հետադարձ հայացքով, վարչախմբի ամբողջ օրակարգը բացառապես հակազգային եւ նյութապաշտական էր։ Արդարության վերականգման լոզունգների ներքո դեռ մինչեւ պատերազմը այն հետեւողական արշավ էր ծավալել բանակի, եկեղեցու, ազգային մտավորականության, դատական համակարգի՝ փաստացի բոլոր ազգային ինստիտուտների դեմ, արդեն իսկ շրջանառության մեջ էր դրել Արցախի համար տված զոհերի անիմաստության թեզը, եւ հանրային գիտակցությունը պատրաստում էր վերահաս պատերազմում պարտությանը։ Ընդհանրապես, պետք է նշել, որ ցանկացած պարտություն այս վարչախումբը սկզբից մոդելավորել է հանրային գիտակցության մեջ, իսկ հետո միայն ամրագրել թշնամուն կատարած իրական զիջումներով։

44-օրյա պատերազմը եւ կանխորոշված պարտությունը

Երեք տարվա հեռավորությունից, վերլուծելով 44-օրյա պատերազմին նախորդած,  ընթացքում տեղի ունեցած, եւ դրան հաջորդած հիմնական դեպքերի տրամաբանությունը, կարելի է եզրակացնել, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը փաստացի կանխորոշված էր։ Այն կանխորոշված էր սակայն ոչ այդքան ռազմական ուժերի բալանսով (2016 թ․ ի վեր այն արմատապես չէր փոխվել), այլ Հայաստանում իշխանության եկած նոր ուժի վճռականությամբ՝ ամեն գնով ազատվել Արցախից, որն այն ավելորդ տնտեսական բեռ էր համարում, եւ հարեւանների (իրականում՝ թշնամիների) հետ առեւտրային հարաբերությունների վերականգման հիմնական խոչընդոտ։ 2020 թ․ այս թեզը հնարավոր չէր հանրայնացնել, քանզի հայ հասարակության մեծ մասը դա որեւէ կերպ չէր ընդունի, ուստի պարտությանը պետք էր տանել քողարկված միջոցներով՝ վարկաբեկելով եւ պաշտոնանկելով փորձառու ռազմական ղեկավարներին (պատերազմին նախորդած երկու տարիների ընթացում ՀՀ Զինված ուժերը եւ Արցախի Պաշտպանության բանակը յուրաքանչյուրը երեքական հրամանատար են փոխել), կազմալուծելով մոբիլիզացիոն պատրաստության համակարգը (հիմնական չորս ռեզերվային ռազմական ստորաբաժանումները լուծարվել են, աշխարհազորի զորավարժությունները՝ դադարեցվել), անհիմն պատրվակներով սահմանափակելով բյուջեից պաշտպանական հատկացումները, եւ այլն։

Պատերազմի ընթացքում պարտությունը մոտեցնելու հիմնական միջոցը դասալքությունը խրախուսելն էր։ Տառացիորեն ցանկացած բնագիծ, որտեղ հայ զինվորը կանգնել եւ կռվել է, ի վերջո անառիկ է մնացել։ Փոխարենը, թշնամին հիմնականում ճեղքել է ճակատը այն հատվածներում, որտեղ իրական դիմադրության չի հանդիպել, որտեղ նրան դիմակայող հայկական ստորաբաժանումները պարզապես լքել են դիրքերը եւ հեռացել։ Այս ստորաբաժանումների հիմնական մասը ներկայացրել են ոչ թե կադրային բանակը, այլ մոբիլիզացված, հապշտապ կազմավորած, մարտական ծառայության անպատրաստ կազմավորումներ։ Նրանց ներսում խլրտում գցելը դժվար չի եղել, մանավանդ այն պայմաններում, երբ հրամանատարների եւ ռազմական ոստիկանության կողմից  դասալիքներին տեղում պատժելու բավարար հնարավորություն չի եղել (հետագայում արդեն բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բայց պատերազմի արդյունքի վրա դրանք այլեւս չէին կարող ազդել)։ Դրան զուգահեռ, մինչեւ հիմա հանելուկ է մնում, թե ինչպես թշնամին անմատչելի լեռնային կածաններով կարողացավ հասնել Շուշիի մատույցները, իսկ հայկական կողմը, ունենալով զգալի ռեսուրսներ եւ ժամանակ այդ ճանապարհները փակելու համար, այդպես էլ դա չարեց։

Ռազմի դաշտում անհաջողություններով հանդերձ, պատերազմի արդյունքը բոլորովին էլ կանխորոշված չէր լինի, եթե հայկական կողմը Շուշիի անկումից հետո շարունակեր դիմադրությունը, մանավանդ որ թշնամին այդ գործողության ընթացքում հսկայական կորուստներ էր տվել եւ նրա հարձակվողական ներուժը սպառվել էր։ Սակայն Հայաստանի իշխանությունը շտապեց Շուշիի անկումը օգտագործել որպես պատրվակ՝ անձնատուր լինելու համար, ընդ որում այնպիսի պայմաններով, որոնք բոլորովին չէին բխում մարտի դաշտում առկա ուժերի հարաբերակցությունից։ Այս անձնատվությունը տառացիորեն կոտրեց կռվող հայկական զորքերի մարտական ոգին, ստիպելով պարզապես կարճատեւ հրադադարի դիմաց հանձնել մինչ այդ արյունով անառիկ պահած բազմաթիվ բնագծեր եւ տարածքներ, ոչնչացնել մարտական ենթակառուցվածքները, այրել տներն ու դպրոցները, ու Արցախի հայկական մնացած հատվածը թողնել փաստացի շրջափակման մեջ։  Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, եւ դրան անմիջապես հաջորդած իրադարձությունները մեր ազգային աղետի հիմքը դրեցին, թեեւ այդ պահին շատերին դեռ թվում էր, որ իրավիճակն անհույս չէ, եւ կարելի է կորուստները մի մասը հետ շրջել։

Հիմա, երբ գործող վարչակարգը հայկական հասարակությանը տարել է բազմաթիվ պարտությունների շարանի միջոցով, զգալի չափով կոտրելով նրա դիմադրողական ներուժը, եւ ամրապնդելով սեփական դիրքերը ադմինիստրատիվ եւ դատաիրավական համակարգում, այն արդեն չի խորշում բացահայտ խոսել պարտության եւ Արցախի հանձնման անխուսափելիության մասին։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ելույթներում անվրդով հայտարարում է նրա մասին, որ Արցախը պահելով, մեր ազգը «իզուր» վատնում էր իր ռեսուրսները, եւ ճիշտ կլինի այսուհետեւ այն օգտագործել «պետականությունը ամրապնդելու», փաստացի տոնածառներ զարդարելու եւ սեփական հետեւորդներին պարգեւավճարներ բաժանելու վրա։ Փաշինյանը, գիտակցաբար թե անգիտակից, արդեն ընդունում է, որ որպես պետության ղեկավար առաջնորդել է այն կանխորոշված պարտության, քանզի հաղթանակի նպատակ երբեւիցե չի ունեցել։

Պետության ապազգայնացումը

44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան երեք տարիների ընթացքում, մենք ականատես ենք եղել հայկական պետության ապազգայնացման հետեւողական քայլերի գործող վարչախմբի կողմից։ Կլինի դա բազմաթիվ ընդդիմախոսների եւ ռազմական գործիչների ձերբակալությունները, զինված ուժերի գլխավոր շտաբի փաստացի կազմալուծումը, եկեղեցու դեմ շարունակվող արշավը, կրթական «նոր» բովանդակության պարտադրումը դպրոցներին, պետական տոների եւ հիշատակի օրերի ցուցադրական անտեսումը, թե Անկախության հռչակագրի մերժմանն ուղղված քայլերը՝ այս վարչակարգը փորձում է հետեւողականորեն հանրային գիտակցությունից ջնջել ազգայինը, այն փոխարինելով զուտ նյութական, սպառողական արժեքներով։ Հասել է նրան, որ պետությունը եւ ազգը ցուցադրաբար հակադրվում են իրար, իսկ տնտեսական աճը հայտարարվել է պետության գլխավոր նպատակը, թեեւ առանց ազգային անվտանգության, ոչ մի տնտեսություն չի կարող կայուն զարգանալ, իսկ առանց իրական, միավորող ազգային նպատակների, ցանկացած տնտեսական աճ ի վերջո բերում է հանրային պառակտման եւ ճգնաժամի՝ դրանով մենք արդեն անցել ենք։

Հայկական պետության ապազգայնացման գագաթնակետը անցած սեպտեմբերի ողբերգական իրադարձություններն էին, երբ այն փաստացի անպաշտպան թողեց Արցախը, եւ թույլ տվեց, որպեսզի թշնամին, հաղթահարելով տեղի մարտիկների հուսահատ դիմադրությունը, զինաթափի Արցախի պաշտպանության բանակը, կազմալուծի նրա պետական մարմիները, եւ տառացիորեն մեկ շաբաթվա ընթացքում, բռնագաղթի ենթարկի ողջ բնակչությունը։ Այս ամենը շվարած հայ հասարակությանը մատուցվեց այն ցինիկ շղարշի ներքո, որ դրանով Հայաստանը պաշտպանեց սեփական ինքնիշխանությունը, եւ Արցախի անկմանը խոչընդոտելը էլ ավելի մեծ աղետ կդառնար արդեն Հայաստանի համար։ Ոչ մի խոսք նրա մասին, թե ինչպես «հպարտ» եւ «դուխով» Հայաստանը հասավ անկարողության եւ թուլամորթության այդ կետին, ինչպես երեք տարի շարունակ ներսից կազմալուծվեց նրա պաշտպանությունը, կրճատվեց բանակը (փոխարենը ուռճացնելով ոստիկանությունը), բարոյալքվեց հասարակությունը, երես թեքեցին նախկին դաշնակիցները եւ գործընկերները, իսկ նորերն էլ Սփինքսի սառնասրտությամբ թույլ տվեցին թշնամուն հայաթափել Արցախը, համարելով դա տարածաշրջանում երկար սպասված «խաղաղության» հասնելու կարեւոր հանգրվան։

Եթե որոշ անհույս լավատեսներ կարծում են, որ Արցախի հանձնումով մեր ազգային նվաստացումների շղթան պետք է ավարտվի, եւ վերջապես սկսվելու է այն լուսավոր ապագան, որը գործող վարչախումբը նրանց խոստանում էր 2021 թ․ ընտրություններից առաջ, ստիպված եմ նրանց հիասթափեցնել։ Վարչախումբը, որն իր գործողությունների արդյունքում դարձել է թշնամու հլու կամակատարը, պատրաստում է ապազգայնացման միջոցառումների նոր «փաթեթը»։ Դրա մեկնարկը տրվեց ամանորյա աննախադեպ շքեղ տոնակատարություններով (կարծես վարչախումբը սրտանց տոնում էր իր այդքան երկար սպասած Արցախի անկումը) եւ Կաթողիկոսին ամանորյա եթերից զրկելով։ Հերթում Հայաստանի հավելյալ տարածքների հանձնումն է, Արցախի իշխանության մարմինների մնացորդների ոչնչացումը, արցախահայերի աստիճանական դուրս մղումը Հայաստանից, Հայոց ցեղասպանության մոռացությունը, ադրբեջանցիների ներգաղթի կազմակերպումը Սյունիք, այն հետագայում թշնամուն հանձնելու հեռանկարով, եւ այլն։

Եթե որեւէ մեկը կարծում է, որ սրանք չափազանցություններն են, բավական է ուշադիր ունկընդրել թշնամու պարագլուխների հայտարարություններին՝ նրանք միշտ նախապես հայտարարել են իրենց մտադրությունների մասին, համոզված լինելով, որ Հայաստանում գործող վարչախումբը ամեն կերպ կնպաստի դրանք իրականություն դարձնելուն, ընդ որում հաճախ՝ նախատեսվածից էլ արագ եւ մեծ ծավալով։ Այս վարչախումբը, մոլորվելով իր նյութապաշտական դոկտրինի լաբիրինթոսում, բազմաթիվ անգամներ արդեն տանուլ տալով թշնամուն, զրկված լինելով արտաքին գործընկերների հարգանքից եւ աջակցությունից, իրականում այլ ելք չունի՝ նա ամեն անգամ կատարելու է թշնամու կամքը, քանզի այլապես կկանգի էլ ավելի մեծ կորուստների, եւ իր համար առավել սարսափելի՝ իշխանության անխուսափելի կորստի առաջ։

Ազգային պետության վերադարձը

Այն, որ գործող վարչախումբը գլորվում է դեպի անդունդ, եւ իր հետեւից տանում է Հայաստանը, որեւէ կասկած այլեւս չի առաջացնում։ Դրա համար բավական է համակարգային վերլուծել վերջին հինգ տարիների իրադարձությունները, հիշել, որտեղ էինք մենք հինգ տարի առաջ, եւ որտեղ ենք հիմա, չտրվելով վերջին երկու տարիների տնտեսական աշխուժացման խաբկանքին, որը զգալի չափով ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանք է, եւ կարճաժամկետ բնույթ է կրում։ Նրա իշխանության պահպանումը հանգեցնելու է շարունակական կորուստների, հեռանկարում՝ մեր ազգի հիմնահատակ այլասերման ու պետության կազմալուծման։ Առանցքային հարցը, սակայն՝ թե ինչպ՞ես է այս վարչախմբին հաջողվում պահպանել իշխանությունը, ինչ՞ու նրան դիմադրող տարատեսակ խմբերը չեն կարողանում կասեցնել նրա կործանարար ընթացքը, իսկ բնակչության զգալի մասը, թեեւ ակներեւ դժգոհ է, կարծես անձնատուր է եղել իրականությանը, եւ այլեւս չի փորձում դրա դեմ պայքարել։

Այս հարցի պատասխանը պետք է եւս փնտրել մեր վերջին երեսուն տարիների պատմության մեջ՝ որտեղից եւ մենք սկսեցինք այս շարադրանքը։ Առաջին Արցախյան պատերազմից հետո, երբ մենք հնարավորություն ունեինք ազատ, ժողովրդավար եւ բարգավաճող պետություն կառուցել, մենք վատնեցինք այն, տեղիք տալով նյութապաշտության եւ իշխանատենչության ամենակուլ մարմաջին։ Մարդիկ հիշում են դա, եւ զգալի մասը ներքուստ եկել է այն համոզման, որ իշխանության փոփոխությամբ Հայաստանում հնարավոր չէ արմատապես փոխել իրականությունը, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ տառապում են նույն ախտով՝ նյութապաշտությամբ եւ իշխանատենչությամբ, եւ իշխանության գալուց հետո, փոքր ձեւական դադարից հետո, անելու են նույնը, ինչ նախորդները, կամ էլ ավելի վատ։  Նիկոլ Փաշինյանի փոխակերպումը՝ ժողովրդի ծոցից դուրս եկած «հերոսից»՝ ժողովրդից հարյուրավոր ոստիկաններով պատսպարված «հրեշի», միայն ամրապնդում է այդ մտայնությունը, եւ հուսալքում մարդկանց։

Երեսուն տարում շարունակ հիասթափություններ տեսած մարդկանց վստահությունը նվաճել եւ ազգային աղետն այսօր կարող են կասեցնել միայն այն անհատները եւ խմբերը, որոնք իրենց ապրած կյանքով, դավանած արժեքներով, ամենօրյա գործով ընդունակ են կոտրել այդ կարծրատիպը, որն արդեն սպառնում է մեր բուն ազգային գոյությանը։ Եթե ազգը չունի նվիրյալ առաջնորդներ, որոնք պատրաստ են թե ապրել ու արարել, եւ թե կռվել ու զոհվել ազգային նպատակների համար, ապա այն դատապարտված է աստիճանական բարոյալքման եւ կազմալուծման։ Առանց այդպիսի նորօրյա առաջնորդների, մեր ազգին չեն օգնի ոչ իր երեք հազար տարիների պատմությունը, ոչ առաջին քրիստոնյա ազգ լինելու համբավը, ոչ հարուստ, բայց արդեն հոգնած Սփյուռքը, եւ ոչ էլ, բնականաբար, անիմաստ թմբկահարվող տնտեսական աճը։

Մեր երկրում այդպիսի անհատներ եւ խմբեր կան՝ թե զինվորականության մեջ, թե մտավորականության եւ բիզնեսի, թե հանրային եւ քաղաքական գործիչների, եւ նրանք շարունակում են պայքարել։ Սակայն նրանք գտնվում են մշտական ճնշման տակ՝ բռնաճնշումներ, ֆեյքերի գրոհներ եւ զրպարտություններ, նյութական դժվարություններ, իրական նպատակից շեղող տարբեր որոգայթներ։ Ցավալիորեն, այդ ամենին ավելանում է նաեւ նրանցից շատերի եսակենտրոնությունը՝ տարածված այն մոլորությունը, որ միայն «ես գիտեմ ճիշտ ճանապարհը», իսկ մնացածների հետ պայքարի բեռը կիսելը կբերի հեղինակության կորստի եւ արդյունքում ձախողման։

Մեր դեմ սակայն հզոր եւ լավ կազմակերպված թշնամի է գործում, որը նպատակ է դրել վերջ տալ մեր ազգային գոյությանը, տրոհել եւ նվաստացնել մեզ, վերածել նյութապաշտ եւ թուլամորթ անհատների բազմության, առանց կոլեկտիվ հիշողության եւ հավաքական նպատակների, եւ առանց դիմադրելու կարողության։ Այդ թշնամու դեմ մենք չենք կարող պայքարել առանձին-առանձին, չենք կարող պայքարել՝ առանց գիտակցելու եւ ընդունելու մեր անցյալի սխալները, քաղցկեղի պես մեզ վարակած նյութապաշտությունը եւ եսակենտրոնությունը, եւ հաստատ չենք կարող հաղթել՝ առանց դրանք հաղթահարելու։

Ազգային պետությունը, որի վերադարձի մասին շատերս երազում ենք, այսօր սկսվում է մեզնից յուրաքանչյուրից։  Մեր կարողությունից՝ լինել ազնիվ, կարգապահ, աշխատասեր եւ նախաձեռնող, եւ ձգտել գերազանցության յուրաքանչյուրս մեր տեղում, եւ բոլորս միասին՝ մեր հանրային կյանքում։ Մեր կարողությունից՝ մերժելու նյութական աշխարհի գայթակղությունները, եւ կենտրոնացնելու առկա սուղ ռեսուրսները մեր ազգային մարմնի առողջացման եւ վերածննդի վրա։ Մեր կարողությունից՝ հաղթահարելու յուրաքանչյուրիս «ես»-ը, ձեռք մեկնելու մեր նման պայքարող եւ գործող անհատներին եւ խմբերին, հաղթահարելու մեր տարբերությունները եւ կենտրոնանալու մեր ընդհանրությունների վրա։ Բյուրեղացնելով մեր իրական ընդհանրությունները եւ աշխատելով միասին, մենք կկարողանանք ձեւավորել մեր առանցքային ազգային նպատակները այս վտանգներով լի ժամանակաշրջանում։ Ունենալով այդ նպատակների հստակությունը, կկարողանանք ստեղծել հավաքական այն նոր ուժը, որը միավորելով մեր ազգում առկա առողջ արյունը, ընդունակ կլինի վերականգնել մարդկանց վստահությունը ազգային պետության նկատմամբ։ Ունենալով այդ վստահությունը եւ պայքարի նոր ավյունը, կկարողանանք կասեցնել այս անկումային ընթացքը, եւ ամուր պատվար կազմել մեր ազգի վախճանը որոճող բոլոր թշնամիների դիմաց։

Ավետիք Չալաբյանը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգողն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report