Խուլիգանություն և կրակոցներ մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 6-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում կատարված խուլիգնության և կրակոցների մասին ստանալով տեղեկություն` շտապ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Նրանց միացան նաև մայրաքաղաքի պարեկներ ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Ըստ տեղեկության` օֆիսային տարածքում 5-6 հոգի վիճաբանել էին, հայհոյել, խաթարել քաղաքացիների անդորրը, իսկ նրանցից մեկն էլ մոտը եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել էր օդ:
Ժամը 23.30-ին, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով, հենց Քաջազնունու փողոցում ձերբակալվեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին 44, 35, 22, 46 և 18 տարեկան տղամարդիկ, որոնցից առաջինը, ըստ տեղեկության, կրակողն էր:
Պարզվեց, որ նրանց միջև ոչ մի վեճ էլ չի ծագել. պարզապես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` տղամարդիկ մայրաքաղաքի կենտրոնում սկսել էին բարձր հայհոյել ու կրակել:
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: