Սիսիանի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ 66–ամյա հարևանի սպանության համար
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Սիսիան քաղաքի 66–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։
2023թ. դեկտեմբերի 23-ին «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցից շտապօգնության ավտոմեքենայով «Ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած, թափանցող վերքեր, ներքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 66–ամյա տղամարդ, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը․ վերջինս Սիսիան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ․։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանի հետնամասում գտնվող տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Սիսիանի միևնույն շենքի 66 և 35–ամյա բնակիչների միջև։
Այդ ընթացքում, վերջինս վերցրել է այնտեղ գտնվող խոհանոցային դանակը և, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել 66–ամյա համաքաղաքացու կրծքավանդակի ձախ հատվածի հետին պատին և ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, օղու կոտրված բաժակներ և շիշ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են վկաներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սիսիան քաղաքի 35–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: