Լավրովի եռակի զանգը. Միրզոյանին չեն էլ հիշել
SocityՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ, ընդ որում երեք հեռախոսազանգն էլ տեղի է ունեցել նույն օրը։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաջորդականության՝ Լավրովը զրուցել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկել են, թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային օրակարգերը, նաև հարավ-կովկասյան տարածաշրջանի խնդիրները։ Միակ արտգործնախարարը, որը կապ ունի Հարավային Կովկասի հետ և չի արժանացել Լավրովի զանգին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, թեև հեռախոսազանգերում ՌԴ ԱԳՆ-ն չի նշում, սակայն քննարկել են հենց հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Լավրովը միայն այս տարվա սեպտեմբերից այս կողմ 9 կամ 10 հեռախոսազրույց կամ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախարար Բայրամովի հետ, և ընդհամենը մեկ հանդիպում՝ Սկոպյեում Արարատ Միրզոյանի հետ, այն էլ հարկադրաբար, իսկ այժմ հեռախոսազանգերի մեջ Արարատ Միրզոյանին չզանգելը վկայում է Ռուսաստանի արտգործնախարարության չափազանց բացասական վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։
Այն, որ Ռուսաստանը լուրջ վերապահումներ ունի գործող իշխանությունների նկատմամբ հայտնի է բոլորին, ընդ որում Լավրովի հեռախոսազանգերը հաջորդել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբեդովի այցին Երևան։ Նա Երևան էր եկել բերելու նոյեմբերի վերջին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերը։
Հայաստանը մինչ օրս չի հայտնել՝ միանում է ՀՍՊԿ որոշումներին, թե՝ ոչ։
Իմանգալի Տասմագամբեդովին ընդհանրապես չի ընդունել վարչապետը Նիկոլ Փաշինյանը, թեև նախկինում, երբ ՀԱՊԿ որևէ գլխավոր քարտուղար այցելում էր Հայաստան, ապա անպայման հանդիպում էր Հայաստանի ղեկավարի հետ։
Հրայր Մանուկյան