Վերականգնվել է ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Կառավարության որոշմամբ 44 մլն 320 հազար դրամ Է ուղղվել 2023 թվականին Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համալրմանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ թանգարանային ֆոնդը կհամալրվի Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Ռուխկյանի, Արամ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի բարձրարժեք ստեղծագործություններով, Ավետիք Իսահակյանի նամակներով, ինքնատիպ և բացառիկ գորգերով:
Թանգարանային ֆոնդի համալրման նպատակով հատկացումները կրելու են շարունակական բնույթ. յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով այդ նպատակով կնախատեսվի համապատասխան գումար։
Թանգարանային ֆոնդի պարբերաբար համալրումը մշակութային արժեքների ձեռքբերման, թանգարանային հավաքածուների հանրահռչակման, մշակութային ժառանգության պահպանության և սերունդներին փոխանցման կարևորագույն երաշխիքներից են:
2007-2008 թթ. պետական բյուջեից թանգարանների հավաքածուների համալրման նպատակով տրամադրվել է համապատասխանաբար 45 մլն 371 հազար և 47 մլն 773 հազար դրամ:
2009 թ. կասեցվել է թանգարանների համալրման համար նախատեսված գումարների տրամադրումը, որը բացասաբար է անդրադարձել թանգարանային ֆոնդերը հազվագյուտ նմուշներով հարստացնելու վրա: Թանգարանների հավաքածուները 2009 թվականից համալրվում են բացառապես նվիրատվությունների, պեղումների, իսկ առանձին դեպքերում՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հատկապես այս բացն առավել տեսանելի է մշակութային արժեքների արտահանման ժամանակ, երբ երկրից դուրս են բերվում համազգային նշանակության բացառիկ արժեքներ: Համաձայն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի՝ մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում, արտահանվում են միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից: Փաստորեն, համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով պետությունը չի կարողանում իրացնել օրենքով սահմանված իր իրավունքը:
Այսպիսով՝ ՀՀ կառավարության որոշման կիրարկմամբ վերականգնվում է ցուցանմուշների համալրման նպատակով համապատասխան բյուջետային միջոցների տրամադրումը, որը հնարավորություն կտա թանգարանային ֆոնդերը համալրել բացառիկ գեղարվեստական արժեքներով: