«Սա Ուկրաինայի հաղթանակն է»․ Զելենսկի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ կազմ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Միշելը հավելել է, որ նաև որոշում է կայացվել Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Եվրոպական խորհրդի ղեկավարը շեշտել է, որ ԵՄ-ն նաև բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ այս երկիրը համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը «հաղթանակ» է անվանել իր երկրի և Եվրոպայի համար։
«Սա Ուկրաինայի հաղթանակն է և ողջ Եվրոպայի հաղթանակը։ Հաղթանակ, որը դրդում, ոգեշնչում և ամրացնում է»,- գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես X-ում գրառմամբ հայտնել է այն ուրախության մասին, որ այս որոշումը բերեց ողջ երկրին։
«Այսօր Մոլդովան նոր էջ է բացում` ստանալով ԵՄ անդամակցության բանակցությունների կանաչ լույսը: Այսօր մենք զգում ենք Եվրոպայի ջերմ գրկումը։ Շնորհակալություն ձեր աջակցության և հավատի համար, որ մենք կարող ենք քայլել այս ճանապարհով»,- գրել է նա։
Նշենք, որ Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել բանակցությունների մեկնարկին։