Ադրբեջանցիներն ավերել են Քաշաթաղի շրջանի Թթու ջուր կոչվող տարածքում գտնվող խաչքար-հուշաղբյուրը
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցիներն ավերել են Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում, տեղեկանում ենք «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել։ Քաշաթաղում բնակություն հաստատած ադրբեջանցիները տեղեկացրել են, որ այնտեղ կառուցվելու է հանգստի կենտրոն և ռեստորան։ Մինչդեռ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է, որ Աղանուս գյուղում իրականացված շինարարական աշխատանքները կատարվել են կամայականորեն և շինարարական աշխատանքների վերաբերյալ որևէ թույլտվություն չի տրվել։
Ադրբեջանական moderator.az կայքը հայտնում է, որ տարածքի բնակիչները պահանջում են անհապաղ դադարեցնել շինարարությունը և համապատասխան կառույցներին հաշվետվություն ներկայացնել տարածքում կատարված ապօրինի աշխատանքների մասին։
«Ի՞նչ կարիք կար այս գեղատեսիլ վայրի ծառերը կտրելու ու այդ տարածքի կանաչն ու զովությունը վերացնելու համար, ինչ է թե ճանապարհ սարքեն: Սա իսկական էկոցիդ է, ուրիշ անուն չունի սա: Դա էլ հո հայերը չեն արել», — նշված է լրատվականի հոդվածում: