Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան
SocityԱդրբեջանում պրոթուրքական մթնոլորտի հետ այդ երկրի իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Այդ մասին Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Նրա խոսքով, եթե անգամ Ադրբեջանին հաջողվի ստեղծել իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը», դա առաջին հերթին վտանգավոր է լինելու հենց Ադրբեջանի համար։ Որովհետեւ Հայաստանն այսօր բուֆեր է հանդիսանում, որը սահմանափակում է Թուրքիայի ամբողջական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ։ Միջանցքի գրավմամբ այդ բուֆերը կդադարի գոյություն ունենալ և Ադրբեջանը որպես ինքնավար պետություն դժվար լինի։ «Արդեն այսօր Էրդողանն ասում է` ես եմ որոշել Ղարաբաղյան հարցը։ Չգիտես ինչու չհիշելով նախագահ Ալիևին»,- նշել է Կարապետյանը, հավելել, որ դա պետք է ազդակ լինի Ադրբեջանի համար, հենց Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը։
Կարապետյանն ընդգծում է, որ Ադրբեջանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի Ռուսաստանը։ «Ռուսաստանի ներկայությունը հիմնական երաշխիքն է թուրքական ազդեցության վերահսկման համար։ Թեև Ռուսաստանը և Թուրքիան ժամանակ առ ժամանակ կարող են համագործակցել և համաձայնել միմյանց հետ, բայց մեկ է Ռուսաստանի հեռացումն այստեղից ոչ միայն կործանարար է Հայաստանի համար, այլև նաև Ադրբեջանի»,- ասել է Արշակ Կարապետյանը։
Իսկ Հայաստանի ապագան պաշտպանության նախկին նախարարը տեսնում է պատմական դաշնակցային ամուր հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ։ «Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որ կարող է բավականաչափ անվտանգության պրոդուկտ տալ, որն այսօր մեզ այդքան պետք է։ Չէ որ, ազգային նպատակը չի կարող լինել պայքարը կոռուպցիայի դեմ, դա կարող է լինել ճանապարհներից մեկը հասնելու ազգային նպատակին։ Ազգային նպատակն ազգային անկախությունն է, պետության տեսքով և պարզ լեզվով ասած լավ կյանք այդ պետությունում»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի դա է ազգային նպատակը, որպեսզի գնաս այդ նպատակին Հայաստանին պետք է կառուցել լավ համակարգված պետություն: «Կողմնորոշվել այն դաշնակիցների հարցում, որոնց մենք ունենք և փորձել սինխրոն քայլեր կատարել մեր գործողությունները նրանց հետ, այդ ժամանակ, Հայաստանը կծաղկի»,- նշել է Կարապետյանը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը նաև նկատել է, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող երկիրը տանել ծաղկման․ «Եթե նրանք մնան վստահեցնում եմ, մենք չենք ունենա պետություն։ Մենք կլուծվենք պատմության մեջ ինչպես մեծ ասորի ժողովուրդը, ուր են նրանք հիմա»։
Հայկ Առաքելյան