Բաքվի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպառնում
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում մեկնարկել է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով շինծու դատական նիստը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ գործը քննվում է Սաբունչի շրջանային դատարանի վարչական շենքում՝ դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
Դատական քննությունը հայտարարվել է բացված, մեղադրող դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։
Առաջադրված մեղադրանքում Ոսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատավորը հայտարարել է, որ հոդվածներից մեկով ամբաստանյալը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ, իսկ մյուսով՝ 20 տարվա ազատազրկմամբ։
Դատական նիստը շարունակվում է մեղադրյալների և տուժողների ցուցմունքներով։
Նշենք, որ ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրում է իբրև «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: