Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և օժանդակությամբ ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը
SocityՔաջարանցիները դեկտեմբերի 2-ին լայնէկրան ֆիլմ դիտելու հնարավորություն ստացան։ Քաղաքի մշակույթի պալատի դահլիճում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և օժանդակությամբ ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ Այդ առիթով մայրաքաղաքից ժամանել էին «Ոսկե ծիրան» մրջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Ֆիլմը ստալինյան բռնաճնշումների մասին է, թե ինչպես անմեղ մարդը Քրիստոսի չարչարանքների է «արժանանում» և տևական հոգեկան ու ֆիզիկական տանջանքներից հետո վերադառնում բնականոն կյանք։ Այս իրավիճակը հիշեցնում է հայտնի ճշմարտությունը՝ արդարությունը կարող է հիվանդանալ, բայց ոչ երբեք մահանալ։ Ի դեպ, կինոնկարի գլխավոր ռեժիսորը մարմնավորել է գլխավոր հերոսի՝ ամերիկացու դերը, ով «Ամերիկացի լրտես» պիտակավորմամբ հայտնվում է բանտում։
«Ամերիկացի» ֆիլմում Մայքլ Գյուրջյանը միահյուսել է ցեղասպանության, ստալինյան ռեպրեսիաների, ցեղասպանությունից փրկվածների՝ Հայաստանում արմատներ գցելու և ամեն գնով հայրենիքից կառչած մնալու թեմաները։
Կինոդիտումից առաջ հանդիսատեսին ֆիլմի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց Կարեն Ավետիսյանը՝ հայտնելով, որ այն արդեն ներկայացվել է արտասահմանյան մի քանի երկրում, նաև մրցանակի արժանացել։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց հենց «Ամերիկացի» ֆիլմով։
Իսկ ֆիլմի ավարտից հետո ներկաների հարցերին պատասխանեց Նարինե Գրիգորյանը, ով, ի դեպ, մարմնավորում է կինոնկարի հերոսուհիներից մեկին։ Նա, մասնավորապես նշեց, որ նույնիսկ համավարակը չխանգարեց, որ ժամանակին ավարտեն ֆիլմի նկարահանումները։
Հաջորդ օրը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրից ցուցադրվեց Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը» կինոնկարը։
Վահրամ Օրբելյան