Հայաստանյան իշխանություններն իսկական խաչակրաց պատերազմ են սկսել ռուսական հեռուստաալիքների դեմ
PoliticsՀայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները կոշտ ոսկոր են դարձել գործող իշխանությունների կոկորդին և տևական ժամանակ թե՛ իշխանությունների, թե՛ արևմտյան ֆինանսավորմամբ տարատեսակ կառույցների կողմից կոչեր են հնչում Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։
Նախօրեին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ խորհրդակցություններ նախաձեռնելով երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը երբեք էլ ռուսական հեռուստաալիքների աչքի լույսը չի եղել, պարբերաբար հայտնվել է այդ հեռուստաալիքների քննադատության թիրախում, հատկապես հաշվի առնելով, որ այդ հեռուստաընկերություններում բազմաթիվ հայեր են աշխատում, որոնք օրգանական և քաղաքական մեծ կապեր ունեն Հայաստանի հետ։
Բնականաբար, հատկապես 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո ռուսական հեռուստաալիքները և, հատկապես, հայ լրագրողները պետք է քննադատեին Նիկոլ Փաշինյանին պարտության համար, ինչն էլ պարբերաբար հարուցում էր գործող իշխանությունների դժգոհությունը։ Վերջին դեպքն էլ հենց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ծավալուն մի հաղորդում էր, որից հետո հայաստանյան իշխանություններն իսկական խաչակրաց պատերազմ են սկսել ռուսական հեռուստաալիքների դեմ։
ՀՀ Հանրային մուլտիպլեքսում այսօր երեք ռուսական հեռուստաընկերություններ են հեռարձակվում. «Էռ տե էռ պլանետա», «1-ին ալիք» և «Կուլտուրա»։ «Էռ տե էռ պլանետա»-ն հեռարձակվում է Հայաստանի ողջ տարածքում, մյուսները՝ միայն Երևանում։ Ալիքներն ընդգրկվել են Հայաստանում հանրային մուլտիպլեքսում, հայ-ռուսական միջպետական զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շնորհիվ, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Շաբաթներ առաջ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողներին հայտնել էր, թե ռուսական պետական հեռուստաընկերությունների կողմից թույլ տված խախտումներն ուշադրության կենտրոնում են։ Նախարարը հրաժարվել էր խոսել հարցի քաղաքական բաղադրիչից, սակայն ակնհայտորեն Հայաստանում ռուսական հեռուստաընկերությունների գործունեությունն առաջին հերթին քաղաքական է դիտարկվում, ուստի և հեռուստաալիքներին պատժելու և մուլտիպլեքսից հեռացնելու գործում միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չէ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պարբերաբար հայտարարում է, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ է հայտանաբերել, ավելին՝ Հակոբյանը հայտարարել է, թե հանրային մուլտիպլեքսում միայն ռուսական ալիքներ են, արևմտյան ալիքներ չկան, այլ հարց է, որ հանրային մուլտիպլեքսում որևէ ալիք ներառելու համար հարկավոր է միջպետական պայմանագիր։ Ամերիկյան որևէ ալիք պետական չէ և Հայաստանում հեռարձակելու համար, օրինակ, Երևանը չի կարող պայմանագիր կնքել Վաշինգտոնի հետ, իսկ Հայաստանի և Ռուսասատանի իշխանությունների միջև հատուկ պայմանագրով է երեք հեռուստաընկերությունների հեռարձակումը ցուցադրվում։ Ընդ որում, նախկինում ոչ թե երեք, այլ չորս հեռուստաընկերություն էր։ Այս տարվա սեպտեմբերի 24-ին տրվեց ռուսական հեռուստաալիքների դեմ արշավ սկսելու հանձնարարությունը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերին տարակուսանք էր հայտնել, թե ոնց է ստացվել, որ ռուսական հեռուստաալիքների «ամենաստոր» պրոպագանդիստները հայերն են. նշել էր Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քյոսայանի, Արամ Գաբրիելյանովի, Ռոման Բաբայանի, Անդրանիկ Միհրանյանի անունները, նրանց մեղադրել Հայաստանի պետականության դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի մեջ։
Ընդամենն օրեր անց արևմտյան ֆինանսավորմամբ 15 կազմակերպություններ հայտարարություն տարածեցին Ռուսաստանի դաշնության դեմ՝ Մոսկվայի քայլերն անվանելով թշնամական։ Եվ մի շարք պահանջների թվում նաև սորոսական կազմակերպությունները պահանջեցին Հայաստանում դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների վերահեռարձակումն ապահողվող հայ-ռուսական պայմանագրերի գործողությունը, իսկ կաբելային հեռարձակումն իրականացնող օպերատորներին պարտադրել իրենց ցանցերից անջատել բոլոր այն ռուսաստանյան հեռուստաալիքները, որոնք իրենց կարծիքով հակահայաստանյան, հակահայկական քողարկված պրոպագանդա են սփռում։ Բնականաբար, այս հայտարարությունները պետք է արժանանային ռուսական կողմի քննադատությանը։
Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ուշադրություն էր հրավիրել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը, տարօրինակ էր անվանել դրանք և նշել, որ Հայաստանում նման հայտարարությունները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։ Թերևս, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է խաթարել երկու երկրների հարաբերությունները։
Հայկ Առաքելյան
Հայկ Առաքելյան