Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում
EconoмицсԱրևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Մենք նպատակադրված ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշած թիրախները»,-ասել է նա և հավելել, որ 2030 թ.-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15 տոկոս։
Նախարարի խոսքով՝ 2030-2040 թթ.-ին լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցեն՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ, նաև հողմային կայաններ կկառուցեն։ «Նպատակն է մինչև 2040 թ.-ն արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մեգավատտ։ Մեր առջև բավական մեծ առաջադրանք ենք դրել, և եթե զարգացման տեմպերը միասին պահենք՝ կհասնենք այս նշաձողին»,-ասել է նախարարը, շեշտել, թե էներգետիկայի շուկայի ազատականացումը նոր փուլ է բացել ոլորտի համար։
Այդուհանդերձ էներգետիկ շուկայի ազատականացումը շատ ավելի մեծ հնարավորություններ կարող է բերել Հայաստանի Հանրապետության համար, քան նպատակային 15 %-ն է։ Ըստ վերլուծաբանների՝ ճիշտ աշխատանքի և քաղաքական համապատասխան կամքի դեպքում հնարավոր է արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել մինչև 20 % և ավելիի, դրա համար հարկավոր է հնարավորություններ ստեղծել ոչ միայն դրսից, մասնավորապես Չինաստանից ներկրել արևային վահանակները, այլ նաև տեղում ծավալել արևային վահանակների և մարտկոցների արտադրություն, հատկապես, որ մասնագետների առումով Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել։
Եթե այլ երկրներ հիմնականում գնում են միայն Չինաստանից ներկրվող սարքավորումները, ապա Հայաստանը նաև սեփական արևային վահանակներ արտադրող ընկերություն ունի՝ «Սոլարոնը» և կարող է առկա հմտություններն ու կարողություններն ավելի ընդլայնել։
Դոնարա Սարգսյան