Առաջիկա ժամերին կհայտարարվի Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելու ժամը. Կատարի ԱԳՆ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելու ժամը կհայտարարվի առաջիկա ժամերին. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Կատարի ԱԳՆ-ն:
«Կատարն աշխատում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ՝ ապահովելու, որ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնի»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նախօրեին հայտարարվել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 239 պատանդից 50-80-ն ազատ կարձակվի:
Խոսքն Իսրայելի քաղաքացի հանդիսացող կանանց ու երեխաների մասին է:
«Այս գիշեր մենք դժվար որոշում ենք կայացրել, բայց դա ճիշտ որոշում է»,- ասել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելը համաձայնել է բանտերից ազատել պաղեստինցի կանանց և անչափահասներին և թույլ տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ հիմնականում Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում: Իսրայելը կոնկրետ թիվ չի հրապարակել, սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարության մեջ նշում է 150 թիվը՝ ողջունելով «մարդասիրական զինադադարը»:
ՀԱՄԱՍ խմբավորումը պարզաբանել էր, որ թեև համաձայնել է հրադադարի, սակայն «մատը պահում է ձգանի վրա՝ պաշտպանելու ժողովրդին և ետ մղելու օկուպացիան»:
Մինչդեռ jpost.com-ը հավելում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի հակառակորդները նախազգուշացրել են, որ այն կբարդացնի Իսրայելի ռազմական արշավը Գազայից ՀԱՄԱՍ-ին հեռացնելու համար: Նրանք նաև զգուշացրել են, որ պատերազմը ժամանակավորապես դադարեցնելուց հետո դժվար կլինի այն վերսկսել։ Նեթանյահուն հերքել է այդ տեսակետները՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում էր վերսկսել պատերազմը գործարքի ժամկետի լրանալուց հետո։
«Ուզում եմ պարզաբանել. մենք պատերազմի մեջ ենք և կշարունակենք լինել պատերազմի մեջ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և վերադարձնել մեր բոլոր գերիներին ու անհայտ կորածներին»,- ասել է նա։
«Մենք նաև կապահովենք, որ Գազայում որևէ սուբյեկտ չի լինի, որը կսպառնա Իսրայելին», - հայտարարել է Նեթանյահուն։