Եվրոպայում վախենում են չինացի մրցակիցներից. տուրքեր արևային սարքերի վրա
EconoмицсՖրանսիայի երեք նախարարներ դիմում են ներկայացրել եվրահանձնաժողով և պահանջում են անհապաղ փակել եվրոպական շուկան Չինաստանից արևային վահանակների և մարտկոցների արտադրողների համար։ «Le Figaro» պարբերականի տեղեկություններով՝ Ֆրանսիայում կարծում են, որ նման միջոցը ձեռնտու է ոչ միայն իրենց երկրին, այլև ողջ եվրամիությանը։ Բանն այն է, որ արևային վահանակների եվրոպական արտադրողները պարզապես չեն կարողանում մրցակցել չինացի գործընկերների հետ։ Որպեսզի միջամտեն իրավիճակին անհրաժեշտ է գործարկել մաքսատուրքերի և առևտրի մասին գլխավոր համաձայնության 19-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել այս կամ այն ապրանքի ներմուծումը, որոնք ազդում են տեղական արտադրողների աշխատանքի վրա։ Նույն այդ հոդվածով կարելի է նաև չափազանց կոշտ քվոտաներ ներդնել կոնկրետ երկրների ներմուծումների վերաբերյալ։
Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները վաղուց արդեն սահամանափակումներ են դրել արևային սարքավորումների չինական առաքիչների նկատմամբ, ուստի վերջիններս սկսել են իրենց ողջ արտադրանքը տեղափոխել եվրոպական երկրներ։
2022 թվականին արևային մարտկոցները կտրուկ թանկացան, արդյունքում չինացիների մոտ հսկայական պաշարներ հայտնվեցին, և նրանք այժմ կարող են իրենց թույլ տալ դրանք վաճառել զգալի զեղչերով և անհամեմատ ավելի էժան, քան եվրոպացի արտադրողները։ Միայն Եվրոպայում գտնվող պահեստներում չինացիները 200 միլիոն նման սարքավորում ունեն, այդպիսի պայմաններում եվրոպական ընկերությունները զարգացման նոր հոսքագծերի ստեղծման որևէ շանս չունեն, ուստի և ստիպված են այլ կոշտ միջոցներով պայքարել չինացի գործընկերների ներխուժման դեմ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Էլեն Գաբրիելյան