Իրանը պահում է ՀՀ թիկունքը, բայց կարող է հիասթափվել Փաշինյանի պատճառով
SocityՄինչ Փաշինյանը Հայաստանի անվտանգային համակարգի նոր երաշխավորներ է փնտրում Արևմուտքում, Իրանը հերթական անգամ իր միանշանակ հստակ կարծիքն է հայտնել այսպես կոչված միջանցքի մասին։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին բացառիկ հարցազրույց է տվել «Սիվիլնետին» և, խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում «միջանցք» տերմինն օգտագործելու մասին, ասել է, թե նրանց հայտարարությունների հետևում թաքնված մտքեր կան։ «Մենք Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կողմնակիցն ենք և դեմ ենք ցանկացած բանի, որը կխախտի նրա միջազգային սահմանները։ Միջանցքի մասին պետք է նշեմ, որ սահմանային գրականության մեջ դա կոչվում է հաղորդակցության ուղի, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում, նրանք, ովքեր կրկնում են այդ բառը հատուկ իմաստով են այն օգտագործում և թաքնված մտքեր ունեն», - ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների վերականգնմանը, բայց անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։
Թերևս հենց հարավային բարեկամի նման դիրքորոշման շնորհիվ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առայժմ զերծ են մնում իրենց սպառնալիքներն իրագործելու մտադրությունից՝ հասկանալով, որ կարող են Իրանի բուռն հակազդեցությանն արժանանալ։ Այս հանգամանքը, սակայն, պետք է ստիպի նաև փաշինյանական վարչախմբին, գիտակցելու, որ արևմտյան ուժերին Հայաստան բերելու իրենց հնարավոր ջանքերը կարող է խրտնեցնել նաև պաշտոնական Թեհրանին։ Ընդսմին, իրանական կողմը բազմիցս նշել է, որ դեմ է նման զարգացումներին և իր թշնամիներին տարածաշրջան բերելու քաղաքականությանը, այդ մասին հայտարարել են, թե՛ Իրանի նախագահ Ռայիսին, թե՛ արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ և հենց դա է պատճառը, որ իրանական կողմն առանձնապես վստահություն չունի Նիկոլ Փաշինայնի նկատմամբ։ Վերջինս էլ իր քաղաքականության մեջ շատ դեպքերում հաշվի չի առնում Իրանի կարծիքը և շարունակում է պարել արևմուտքի դուդուկի տակ։ Թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ, կարծում եմ յուրաքանչյուրին էլ պարզ է։
Մելինե Ղազարյան