Կադիրովի 15-ամյա որդին պարգևատրվել է Կաբարդինո-Բալկարիայի վաստակի շքանշանով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 15-ամյա Ադամ Կադիրովը, պարգևատրվել է Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության համար վաստակի շքանշանով, այս մասին հայտնել է Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Ես ուրախացա իմանալով, որ Կազբեկ Վալերիևիչը (Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովը – Խմբ.) որոշել է Ախմատ-Խաջի Կադիրովի թոռանը՝ Ադամին, պարգևատրել Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության վաստակի շքանշանով:Երեքշաբթի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի, ինչպես նաև Ադամ Կադիրովի հետ հանդիպման ժամանակ Կազբեկ Կոկովն անձամբ է նրան բարձր պարգևը հանձնել։ Ըստ հրամանագրի, այդպիսով, նա պարգևատրվել է ազգամիջյան և միջկրոնական խաղաղության և ներդաշնակության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»,- գրել է Կադիրովը։
Կադիրովի խոսքով՝ Ադամը փորձում է նմանվել իր պապիկին՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմաթ-Խաջի Կադիրովին, և շքանշանը համարում է «որպես ավանս»։
«Հաճելի է, որ փոքր տարիքից նա հասկանում է կրոնի, ավանդույթների և ազգային արժեքների հիմնախնդիրների հսկայական նշանակությունը: Հենց դրանց վրա է հիմնված մեր հայրենիքի՝ Ռուսաստանի ժողովուրդների համախմբվածությունն ու միասնությունը»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:
Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարար Ադամ Ալխանովը հայտարարել էր, որ Ադամ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի ղեկավարի անվտանգության վարչության պետի պաշտոնում։ Հոկտեմբերին Ադամ Կադիրովին շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում։
Սեպտեմբերի վերջին Ռամզան Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, որում Ադամը ծեծի է ենթարկում Նիկիտա Ժուրավելին, ով կալանավորվել էր Վոլգոգրադում Ղուրանը այրելու համար։ Չեչնիայի ղեկավարն ասել էր, որ հպարտ է որդու արարքով: