Մահացել է այն պացիենտը, որին աշխարհում սրտի երկրորդ փոխպատվաստումն է արվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սրտով
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պացիենտը, որին աշխարհում սրտի երկրորդ փոխպատվաստումն է արվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սրտով, մահացել է վիրահատությունից վեց շաբաթ հետո, տեղեկացրել է ԱՄՆ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
«Մենք սգում ենք պարոն Ֆոսեթի մահը, հիանալի պացիենտ, գիտնական, Ռազմածովային նավատորմի վետերան, ընտանիքի նվիրյալ, որը պարզապես ցանկանում էր էլի մի քիչ ժամանակ անցկացնել սիրելի կնոջ, որդիների եւ ընտանիքի հետ»,- համալսարանը մեջբերել է դոկտոր Բարթլի Պ.Գրիֆիթի խոսքերը, որը կատարել է սրտի փոխպատվաստման վիրահատությունը։
58-ամյա Լոուրենս Ֆոսեթը վիրահատությունից հետո զգալի առաջընթացի էր հասել՝ «զբաղվելով ֆիզիոթերապիայով, ժամանակ անցկացնելով ընտանիքի անդամների հետ եւ թուղթ խաղալով կնոջ՝ Էննի հետ», տեղեկացրել են բժշկական կենտրոնում։ «Վերջին օրերին նրա սրտում սկսել են ի հայտ գալ վանման առաջին նշանները՝ ամենալուրջ խնդիրը ավանդական փոխպատվաստումների, այդ թվում եւ մարդկային օրգանների ժամանակ։ Չնայած բժիշկների բրիգադի ջանքերին՝ հոկտեմբերի 30-ին Ֆոսեթը մահացավ»,- նշվել է հաղորդագրությունում։
Տղամարդը կենտրոն էր դիմել սեպտեմբերի 14-ին։ Երբ նա հիվանդանոց եկավ, սրտի անբավարարության թերմինալ փուլում էր։ Վիրահատությունից ոչ շատ առաջ նրա սիրտը կանգ էր առել, եւ վերակենդանացման անհրաժեշտություն էր առաջացել։ Գտել են, որ նա ենթակա չէ սրտի փոխպատվաստման առողջական ծանր վիճակի պատճառով, նա ունեցել է նաեւ վերջույթների անոթների հիվանդություն։ Սեպտեմբերի 15-ին Սննդամթերքների որակի սանիտարական վերահսկման վարչությունըշտապ թույլատրել է վիրահատությունը։
Վիրահատությունից հետո փոխպատվաստված սիրտն աշխատում էր առանց վանման նշանների։ Վերականգնման առաջին ամսվա ընթացքում Ֆոսեթը զբաղվել է ֆիզիոթերապիայով եւ աշխատել քայլելու ունակությունը վերականգնելու վրա, տեղեկացրել են բժշկական կենտրոնում։
2022թ. մարտին մահացել է աշխարհում առաջին մարդը, որին խոզի սիրտ էին փոխպատվաստել։ Դա տեղի էր ունեցել վիրահատությունից երկու ամիս հետո։ 57-ամյա Դեւիդ Բենեթը համաձայնել էր փորձարարական միջամտությանը, որովհետեւ առանց վիրահատության չէր ապրի, իսկ մարդկային սրտի դոնորության հավակնել չէր կարող իր հիվանդության լրջության պատճառով։ Բուժման մյուս բոլոր միջոցները նա արդեն փորձել էր, նշել է The New York Times-ը։ «Կար երկու տարբերակ՝ մեռնել կամ փորձել այդ փոխպատվաստումը»,- նշել էր պացիենտը։